Ես սրտով բուլղարուհի եմ, հոգով՝ հայուհի...


    Ես սրտով բուլղարուհի եմ, հոգով՝ հայուհի...
Ես տիեզերական հզոր ուժ եմ զգում Հայաստանում և Արցախում...
Ցվետանա Պասկալևա
Հունվարի 30-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, ՀՀ և Բուլղարիայի լրագրողների միության անդամ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևայի հետ՝ նվիրված նրա ծննդյան 60-ամյակին և Հայոց բանակի կազմավորմանը:
Հանդիսությունը բացեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա ջերմ շնորհավորանքի և հոգեբուխ շնորհակալության ուղերձ հղեց Ց. Պասկալևային՝ անվանելով նրան «Հայաստանի դուստր», Արցախյան գոյամարտի արդար ոգին և Հայաստանի ձայնը համայն աշխարհին ներկայացնող աննկուն տրուբադուր- շեփորահար:
«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը, ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը, Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Աշոտ Մելյանը, պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանը, Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը հետաքրքիր փաստական հիմնավորումներով ամբողջացրին Ցվետանա Պասկալևայի հայասիրական, մարդասիրական, հերոսական առաքելությունը: Ելույթ ունեցողները խորին հարգանքով և շնորհակալությամբ շեշտեցին Ց. Պասկալևայի ազնիվ նվիրումը խաղաղության, արդարության գործին և Հայոց հերոսապատումի վավերագրումին:
Երգահան, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունու հոգեպարար երգը, դերասանուհի, հանդիսավար Գայանե Սամվելյանի գեղարվեստական ընթերցումները, հայրենասիրական տեսաֆիլմերը մթնոլոտը պարուրեցին ոգեղեն ջերմ շնչով: Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության փոխդեսպան Վենցիսլավ Խրիստովը:
Միջոցառումն ամփոփեց Ցվետանա Պասկալևան.նա խորին երախտագիտություն հայտնեց գրադարանի ղեկավարությանը և հանդիսության մասնակիցներին:
Միջոցառումը փառապանծ Հայոց բանակին, Ցվետանա Պասկալևային, հայոց անմահ հերոսներին, հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը նվիրված ոգեղեն ասք էր և խաղաղության ու հերոսականության զորեղ ձոներգ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են