Հայ մշակութային կյանքը Արևմուտքի մեջ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց Փարիզի <<Մխիթարյան>> մշակութային կենտրոնի տնօրեն Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանի դասախոսությունը՝ «Հայ մշակութային կյանքը Արևմուտքի մեջ» թեմայով, ինչպես նաև՝ նրա գեղանկարչական կոլաժների ցուցադրությունը։ Հանդիպման ընթացքում Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանը մանրամասնությամբ ներկայացրեց սփյուռքում հայ մշակութային կյանքի կազմակերպման առանձնահատկությունները, հիմնախնդիրները և հայոց պատմության ճակատագրական ելևէջումները։ Նա շեշտեց, որ հայոց պատմության ընթացքում Հայաստանում և սփյուռքում հայ ինքնության պահպանության գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել հայ եկեղեցին, <<Մխիթարյան>> միաբանությունը՝ ազգապահպան հավատքով, գիտակրթական պատմական գործունեությամբ: Ազգային-ճակատագրական կնճռոտ խնդիրների լուծմանն իր մեծ նպաստն է բերել Հայաստանի և սփյուռքի նվիրյալ մտավորականների փաղանգը․ նա զորացրել է հայ քաղաքակրթության ատաղձը և հենասյուները՝ հավատքը, հոգևոր-մշակութային բարձրագույն արժեքները, լեզվամշակույթը։ Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք արդի ամուր կապը, հայոց պետության պատշաճ ուշադրությունը սփյուռքում մեր հոգևոր, կրթամշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործին՝ հանուն հայապահպանության և հայազորացման։ Դասախոսության ավարտին գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանին գրադարանի հետ մշտական, սերտ գործակցության համար։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են