Նաիրա Աբրահամյանի գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Նաիրա Աբրահամյանի «Գրական և արտադասարանային միջոցառումների սցենարներ» գրքի շնորհանդեսը: Ներկա էին մշակույթի գործիչներ, գրականագետներ, դպրոցականներ, հյուրեր: Գրքում զետեղված են լեզվի և գրականության՝ գրական ձիրք ու շնորհք ունեցող ուսուցչուհու կազմած սցենարները: Դրանք ստեղծվել են հայ գրողների գրական ստեղծագործությունների հենքի վրա կամ ինքնուրույն մտահղացման արդյունք են: Ուսուցչուհին նմանատիպ դաս-ներկայացումների, դաս-միջոցառումների անցկացման իր անձնական փորձով համոզվել է, թե գրական երկի յուրացման համար որքան առաջնահերթ ու արդյունավետ դեր ունի դրա բեմականացումը, որի դերակատարները հենց իրենք՝ երեխաներն են: Նման աշխատանքների կազմակերպումը անվերապահորեն օգնում է աշակերտներին առավել հանգամանորեն յուրացնել գրական բնագիր-նյութը, ավելի անկաշկանդ ու արտահայտիչ դարձնել իրենց բանավոր խոսքը, հաղորդակցվել դասընկերների, իրենց հասակակիցների, մեծերի ու փոքրերի, առհասարակ շրջապատի մարդկանց հետ: Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ հանգամանալից ներկայացրեց հեղինակի գրական գործունեությունն ու որպես ուսուցիչ նրա կատարած աշխատանքները աշակերտների և պատանի դերասանների հետ: Ելույթով հանդես եկան ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի Հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ՝ Նվեր Վիրաբյանը, հաղորդավար, պրոդյուսեր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, Աղասի Այվազյան դպրոցի հիմնադիր-տնօրեն Գրետա Վերդիյանը և այլք: Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Գրիգոր Համբարյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, Սուրեն Պողոսովը: Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի սաները ներկայացրեցին «Հողի կանչը» պիեսի բեմականացումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են