Հանդիպում բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանի հետ


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, հրապարակագիր, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի հետ՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ: Բաբկեն Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ հյուրընկալվում է գրադարանում: Այստեղ նա բազմիցս կազմակերպել է գրական-մշակության երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, Սերբիայի Հանրապետության պետականությանը նվիրված ցերեկույթներ, մասնակցել գրադանի կազմակերպած միջոցառումներին: Այս անգամ նա հյուրընկալվել էր գրադարանում իր հոբելյանի առիթով, որի ընթացքում հնչեցին Սիմոնյանի մասին ժամանակակիցների խոսքերը, նրա բանաստեղծությունները, թարգմանությունները սերբերենից հայերեն և հայերենից սերբերեն, նաև երգեր գրված նրա խոսքերով:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա սիրով ու ջերմությամբ խոսեց հոբելյարի մասին, բարձր գնահատեց նրա ազգանվեր առաքելությունը: Սիմոնյանին հասցեագրված տնօրենի ուղերձում ասված է.
«Հարգարժան Բաբկեն Սիմոնյան, Ձեր վաստակը մեծ է, գործը՝ նվիրական…
Դուք այն համեստ ու անխոնջ մշակն եք, որ ամեն մի նոր գրքով մի բուռ բարություն, կամք, հայրենասիրություն, ուժ ու կորով եք հաղորդում ընթերցողին: Կյանքով, եռանդով ու ծրագրերով լի մարդ, ով կարողացել է ստեղծել, ամրապնդել հայ և սերբ ժողովուրդների միջև բարեկամական, մշակութային կամուրջ՝ քաջածանոթ լինելով մաքառումներով լի նրանց պատմական ճակատագրին:
Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրինության և բազմահազար ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Մաղթում եմ Ձեզ հարատևություն, առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»: Ցերեկույթին ներկա էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: Նա հիացմունքով խոսեց գրողի անցած ստեղծագործական երկարամյա բեղուն ուղու և պատվավոր հյուպատոսի գործունեության մասին՝ բարձր գնահատելով Բաբկեն Սիմոնյանի գրական վաստակը և մեծ ավանդը հայ-սերբական հարաբերություններում: Սերբիայի կառավարության, արտաքին գործերի նախարարության, դեսպանատան և իր անունից անձամբ նա շնորհակալություն հայտնեց հոբելյարին այն ծավալուն գործունեության համար, որն իրականացրել է Բաբկեն Սիմոնյանը անցած 47 տարիների ընթացքում:
Ցերեկույթի ընթացքում բանաստեղծությունների ընթերցումները համեմվում էին սերբական քնարական երգերով, Բաբկեն Սիմոնյանի մասին հայ և սերբ անվանի մտավորականների գրառումներով:
Ավանդույթի համաձայն, հոբելյանական ցերեկույթի ավարտին Բաբկեն Սիմոնյանն ընթերցեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը իր թարգմանությամբ սերբերեն:
Հոբելյանական ցերեկույթը վարում էր Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են