Ընթերցանության մարաթոն


    Ապրիլի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հետ համատեղ, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, մարաթոնային ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վեպի բարձրաձայն ընթերցանության մարաթոնը, որին ուղիղ և առցանց կապով մասնակցեցին նաև Հայաստանի տարբեր մարզերի գրադարանների բազմաթիվ ներկայացուցիչներ , ընթերցողներ և տարբեր կառույցների գործընկերներ ։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց և Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպի առաջին բարձրաձայն ընթերցումը ներկայացրեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության անվանի գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մտավորականներ բարձրաձայն ընթերցեցին Ռ. Պալացիոյի «Հրաշքը» վեպից հատվածներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Գրադարան այցելեց և ընթերցանության մարաթոնին մասնակցեց նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Մ. Թրեյսին։
Չարենցավան համայնքի «Քաղաքային գրադարանի» տիկնիկային թատերախումբը՝ Արաքսյա Բալբաբյանի ղեկավարությամբ, գրադարանի դահլիճում ներկայացրեց բեմականացված հետաքրքիր դրվագներ Ռ. Պալացիոյի «Հրաշքը» վեպից։ Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները «Իսահակյան պուրակ»-ում իրենց գունային մեկնաբանումներով արտահայտեցին Ռ.Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վեպի բարության մեղեդիները։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ընթերցանության մարաթոնի ոգեղենությունն օրը լցրել էր Ռ.Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վեպի կենարար Լույսով և Բարու, Բարձրի, Մարդասիրության հրաշք մոգությամբ…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են