2020թ. «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփման արարողությունը


    Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի ․
Ես սիրում եմ գրքերը․․․
Ե․ Չարենց
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում <<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 2020թ. «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփման արարողությունը։
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Իսահակյան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Նա հատկապես շեշտադրեց գրքի, ընթերցանության կրթադաստիարակչական անհերքելի դերը մատաղ սերնդի բարոյական նկարագրի ձևավորման մեջ։ Մրցույթում հաղթած լավագույն ընթերցողներին Իսահակյան գրադարանի հավաստագրերը, մրցանակները հանձնեցին գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, մանկագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Մերի Սահակյանը, Սաթենիկ Ղազարյանը և Գոհար Գալստյանը։ Նրանք իրենց խոսքում արժևորեցին գրքի, ընթերցանության բացառիկ դերակատարությունը պետության քաղաքացու և ընդհանրապես անհատի հոգեկերտման գործընթացում։ Միջոցառումը վարեց և գրական նմուշներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Գրադարանի ընթերցողները շնորհակալական խոսք հղեցին սիրելի գրադարանին և հանդես եկան ասմունքով ու երաժշտական կատարումներով։
Միջոցառումն ամփոփեց գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ մրցույթն իսկապես ուղենշային էր և ծառայեց իր բարձր նպատակին, այն է՝ ընթերցասիրության խթանմանը, ինչպես նաև գրադարանի և պատանի ընթերցողների միջև կապի առավել ամրապնդմանը։ 2020 թվականի «Տարվա լավագույն ընթերցող» են ճանաչվել <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի թիվ 29 գ/մ-ի ընթերցողներ Միքայել Հովհաննիսյանը և Դիանա Սահակյանը, Տեխնիկական գրականության բաժնի ընթերցողներ Էմմա Ազարյանը և Լիանա Ազարյանը , թիվ 21 գ/մ-ի ընթերցողներ Միլենա Ավագյանը և Նելլի Պետրոսյանը, ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի ընթերցող Էրիկ Եզիազարյանը, թիվ 33 գ/մ-ի ընթերցողներ Արամ Ղազարյանը և Ֆելիքս Ադամյանը, թիվ 27 գ/մ-ի ընթերցողներ Նարե Թամրազյանը և Նռանե Ստեփանյանը, թիվ 36 գ/մ-ի ընթերցող Ռաֆայել Ասլանյանը , թիվ 15 գ/մ-ի ընթերցողներ Հասմիկ Հարությունյանը և Աննա Մանուչարյանը, թիվ 28 գ/մ-ի ընթերցող Մարիա Երեմյանը, Արվեստի գրականության բաժնի ընթերցող Արևիկ Բեջանյանը, «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի ընթերցող Ալեքս Գրիգորյանը, «Բրիտանական կենտրոն »բաժնի ընթերցող Նարեկ Մելքոնյանը: Հանդիսությունը տպավորիչ էր։ Այն հիրավի վերաճեց գրքի և գիտության, ընթերցանության և կրթության վերարժևորման ու մեծարումի հոգեհաճո արարողության։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են