Հանդիպում բանաստեղծ, արձակագիր Ռուզան Ասատրյանի հետ


    Նոյեմբերի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի հետ: Միջոցառումն իրականացվել է գրադարանի «Գրողը և ժամանակը» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված է ՀԳՄ-ի 85-ամյակին: Հանդիսությունը բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա իր խոսքում անդրադարձավ գրողի և ժամանակի հույժ կենսական առնչություններին, կարևորեց Ռուզան Ասատրյանի, ընդհանրապես մտավորականի, ժամանակակից գրողի քաղաքացիական գործուն և ազնիվ կեցվածքն ու առաքելությունը ազգային-հասարակական կյանքում: ՀԳՄ-ի անունից Ռուզան Ասատրյանի հրապարակախոսական, հասարակական գործունեության մասին գնահատանքի խոսք ասաց գրող, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը: Ոգեշունչ էր Ռուզան Ասատրյանի ելույթը. նա ներկայացրեց հայ ազգային-հասարակական կյանքի կարևորագույն հարցերը, սիրով պատասխանեց ընթերցողների բազմաբնույթ հարցերին: Ներկաներն ուշադրությամբ դիտեցին Ռուզան Ասատրյանի մասին Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի հեղինակած «Մշո աղջիկ» ֆիլմը: Դերասանուհի Գայանե Սամվելյանի, ասմունքող Աիդա Ասատուրյանի, Աննա Կոստանյանի գեղարվեստական ընթերցումները և երգչուհի Անահիտ Սահակյանի հոգեպարար կատարումներն առավել ջերմացրին հանդիսության ոգեղեն մթնոլորտը: Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են