«Կը նայիմ հայելիին, կը մեռնիմ խնդալէն…»


    Ապրիլի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հետաքրքիր միջոցառում էր. <<Ազգային գրադարանային օրեր>> ծրագրի շրջանակներն այս անգամ արծարծում էին Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Նշան Պեշիկթաշլյանի, Լեռ Կամսարի երգիծանքի և Արայիկ Օհանյանի /Արզօ/, Արսեն Գևորգյանի /Դիզո/ երգիծանկարչության ինքնատիպ առնչությունները: Դերասանուհի Աիդա Ասատուրյանը բարձր արվեստով ներկայացրեց գոհարներ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Նշան Պեշիկթաշլյանի, Լեռ Կամսարի երգիծական ստեղծագործություններից, որոնց հերոսը Կինն էր՝ իր խորունկ-խորհրդավոր ներաշխարհով, գունագեղ, բազմաշերտ հուզականությամբ և զգլխիչ երգիծանքով: Կենարար ծիծաղը, կանանց հոգեկան աշխարհի գրական, նկարչական արտացոլանքը և հմայքը դարձել էին միջոցառման կենսական շեշտադրումները: Ելույթ ունեցան երգիծանկարիչներ Արայիկ Օհանյանը /Արզօ/, Արսեն Գևորգյանը/Դիզո/՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը մեր մշակութային կյանքում: Իսահակյան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը պատվոգրեր հանձնեց երգիծանկարիչներին և հույս հայտնեց Իսահակյանական թեմաներով ապագայում նմանատիպ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Տնօրենն իր ամփոփիչ խոսքում շեշտեց. <<Այո, կայացավ գրական երգիծանքի և երգիծանկարչության ինքնատիպ համադրում-խաչաձևումը: Այն մեր հանճարների բանիվ, մերօրյա տաղանդների վրձնագունապնակով հիրավի վառ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա՝ ներարկելով նրան խոհական, հուզական լիցքեր և բարոյական կազդուրիչ ուղերձներ>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են