Մկրտիչ Սարգսյանի ծննդյան-95


    Իսահակյան գրադարանում ապրիլի 12-ին կրկին Հայ Ոգու և Ոգեղենի հրավառություն էր, կրկին լիացում էր՝ ճառագայթված ԳՐԻ լույսից:
Նշվեց արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 95-ամյակը:
Մեծարումի, երախտագիտության, շնորհավորանքի և հուշերի երեկո էր:
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Իսահակյան ԿԳ-ի Խոսքի կենտրոնի ղեկավար, բ.գ.թ. Նադյա Անտոնյանը՝ բնութագրելով Մ. Սարգսյան գրողի և մարդու անցած ճանապարհը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, ՀՀ հանրագիտարանաի տնօրեն Հովհաննես Այվազյանը, <<Մշակույթի հայկական ֆոնդի>> նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, ջերմ խոսքով արժևորվեցին Մկրտիչ Սարգսյանի գրական ժառանգությունը և նրա զգալի դերը հայ գրականության զարգացման գործում:
Գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, բանաստեղծուհի Խանդութն անդրադարձան Մկրտիչ Սարգսյանի քաղաքացիական ազգանվեր գործունեությանը, նրա մարդկային վառ նկարագրին:
Գրողի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկան Դ. Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի աշակերտները, դերասանուհի Աիդա Ասատուրյանը և Իսահակյան Կենտրոնական գրադարանի Պոեզիայի թատրոնի սաները:
<<Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ>> շնորհվեց <<Հայաստան>> հրատարակչության գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանին:
Շնորհակալական խոսքով հանդես եկան գրողի որդիները՝ արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը և <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանը:
Հանդիսատեսը մեկ անգամ ևս վայելեց վաղնջական ճշմարտությունը.<<Ձեռքը գնաց, դառավ ի հող, ԳԻՐԸ մնաց հիշատակող>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են