Յուրի Ալեքսանյանի «Մարզական լրագրողի հուշերից» գրքի շնորհանդես


    Փետրվարի 22-ին Իսահակյան գրադարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Տեղի ունեցավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի «Մարզական լրագրողի հուշերից» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին աշխարհահռչակ մարզիկներ և լրագրողներ, նրանց անկեղծ շնորհաավորանքի և ջերմ գնահատանքի խոսքերն արժևորեցին ներկայացվող գիրքը և հեղինակի լուրջ նկատառումները:
Յուրի Ալեքսանյանը ներկայացրեց գրքի ստեղծման հիմնական դրդապատճառները, մասնավորապես՝ անվանի մարզիկների մասնագիտական և մարդկային առաքինությունները երիտասարդ սերնդին փոխանցելու անհրաժեշտությունը:
Ելույթ ունեցան մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Սամվելյանը, վաստակաշատ մարզական լրագրող, «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Գևորգ Մարիկյանը, Հայաստանի մարզական լրագրության երեք հիմնադիրներից մեկը՝ 88-ամյա Միսաք Նազարյանը: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ այս գիրքը հիրավի արդիական է, ունի պատմական, դաստիարակչական և մարդասիրական արժեք:
<<Գիրքը ուժեղների կամքի, վարքագծի, բարության, արդար ուժի, առաքինության, տոհմի, հայրենասիրության մասունքների յուրօրինակ հանրագիտարան է, որը ուղղորդում է երիտասարդ մարզիկներին դեպի մարզաշխարհի և մարդաշխարհի դժվարին, բայց պատվաբեր բարձունքներ>>. այս բովանդակային ուղերձն էին արտահայտում տ.գ.թ. Կարլեն Ալեքսանյանի, Հայաստանի կանանց «Հատիս» բասկետբոլի թիմի նախկին ավագ, ԽՍՀՄ կանանց հավաքականի, համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր, «Բարեկամություն» մրցաշարի հաղթող Անահիտ Սարգսյանի, «Ֆիլմ» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի անկեղծ մեկնաբանությունները:
Շնորհանդեսին ինքնատիպ համ ու բույր տվեցին Յուրի Ալեքսանյանի կենդանի, ջերմագին հուշ- մեջբերումները և դերասանուհի Գայանե Սամվելյանի հյութեղ խոսքն ու ընթերցումները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են