Սիլվա Կապուտիկյան - 100


    Հունվարի 18-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մեկնարկեց Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների ծրագիրը: Տեղի ունեցավ <<Մտորումներ ճանապարհի կեսին...>> խորագրով գրական հանդիսություն, որն սկսվեց Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հեղինակային ոգեշունչ կատարումներով: Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ջերմությամբ ներկայացրեց բանաստեղծուհու քաղաքացիական հզոր կերպարն ու կեցվածքը, նրա բարձրարժեք գրականությունը, դրա համամարդկային ընդգրկման սահմանները, ինչպես նաև հետաքրքրական հուշեր: Մեծն գրողի 100-ամյակի կապակցությամբ համահայկական պատրաստակամ արձագանքի և ծրագրերի մասին անկեղծ հուզմունքով խոսեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը: Բանաստեղծուհու սիրերգության և հայերգության մարգարիտների ասմունքով հանդես եկան դերասանուհիներ Գայանե Սամվելյանը, Աիդա Ասատուրյանը, Իսահակյանի անվան ԿԳ-ի Խոսքի կենտրոնի սաները, Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի աշակերտները:
Հանդիսատեսը մեծ հաճույքով վայելեց Կապուտիկյանի խոսքերով ստեղծված երգերի հոգեպարար երանությունը, որը մատուցեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Վարսենիկ Միքայելյանը, Մերի Գևորգյանը՝ Մարիանա Հայրապետյանի նվագակցությամբ:
Մթնոլորտն առլեցուն էր Կապուտիկյանով… Միջոցառումը սերունդների յուրատիպ հոգևոր-մշակութային երախտագիտությունն էր առ Մեծն Սիլվա Կապուտիկյան: Այն փառաբանումն էր մեր ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ-ԱՆՄԱՐ ՀԱՆՃԱՐԱԼՈՒՅՍԻ...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են