Հանդիսություն՝ նվիրված Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին


    … Ուր ալ երթանք, որ երկիրն ալ շլացնէ մեր նայուածքը, հոգիի աչքերով
ուրարտական մեր արմատին կապուած ենք:
Այդ հին ու չհինացող արմատին
նորաբողբոջ ծիլերն ենք…
Թորոս Թորանյան
Մարտի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դերասանուհի, հանդիսավար Գայանե Սամվելյանը: Հոբելյարին շնորհավորեցին և նրա գրական գործունեության մասին դրվատանքի խոսքեր ասացին բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրող, կինոգետ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը, արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան Սեյրանուհի Գեղամյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, համահայկական գրական հիմնադրամի տնօրեն Լևոն Բլբուլյանը, գրող, լրագրող Բագրատ Ալեքյանը, բանաստեղծ Մամիկոն Հովհաննիսյանը,գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, համահայկական գրական հիմնադրամի տնօրեն Լևոն Բլբուլյանը և այլք:
- Ուզո՞ւմ եք հայի դիմադրության ուժը որոնել, կարդացեք ու լսեք, Թորոս Թորանյան բժշկին ու գրողին, գրաքննադատին ու պատմաբանին, անդադրում անհատականությանը, որ հրաբխի նման անվերջ ժայթքում է, աշխարհի ընդերքից վեր հանելու հայի դարավոր տառապանքների արմատները ու նրա դարմանի կորուսյալ դեղատոմսը, որի պատվերը հայի միասնությունն է, համախմբվածությունը և ազգային գաղափարախոսությունը,-իր խոսքում նշեց բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը:- Թորանյանը մեր մեծ կաղնին է: Հայկական կաղնի, որի ճյուղերի տակ բազմավաստակ գրողի փորձն ու իմաստությունը պիտի վայելի գալիք սերունդը, ավելի հաստատուն ու համոզված, որ ամենից թանկն այս աշխարհում՝ հայրենիքն է՝ ու հայրենիքի իրական զավակը լինելու արժանապատվությունը, և որի կրողն է Թորոս Թորանյանը:
Երաժշտական կատարումներով ողջունեցին «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի սաները, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և աշուղ Ռազմար Սասունցին: «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շնորհավորելով հոբելյարին ընթերցեց գրադարանի տնօրինության և աշխատակազմի կողմից շնորհավորանքի ուղերձը, որում ասվում էր. «Հանգրվանելով Մայր հայրենիքում, Ձեր օրինակով պատգամեցիք. սիրե´լ հայրենի տունը, հայրենիքը, մայրենի լեզուն, Հայոց աշխարհը: Ձեր հրապարակախոսությունը ամբողջ աշխարհում նպաստել է հայ դատի արդար պահանջի ընդունման և հայապահպանության գործին»: Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են