Հերմինե Նավասարդյանի «Ջրից և հոգուց»գրքի շնորհանդես


    …Ամեն ինչ անսահման է երկնքում
երկրի վրա են մարդիկ
սահմաններ գծում ամենուր…
Նոյեմբերի 22-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանի «Ջրից և հոգուց» վերնագիրը կրող խոհափիլիսոփայական, սիրային, բնության զարթոնքի պայծառ երանգներով հագեցած բանաստեղծություներով լի գրքի շնորհանդեսը:
…Քայլքը հողին դժվար է ստացվում.
թռիչքների համար երբեմն թևերն
ավելի հեշտ են բացվում…
Հանդիսության մեկնարկն ազդարարվեց Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի, Տեր Նշան քահանա Ալավերդյանի և Տեր Թովմա քահանա Անդրեասյանի օրհնությամբ: Հեղինակին շնորհավորեցին և դրվատանքի խոսքեր ասացին բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանը, գրքի հրատարակիչ-խմբագիր Վան Արյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և այլք: Երեկոն հագեցած էր նաև երաժշտական կատարումներով և հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են