Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցերեկույթ


    Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Փետրվարի 10-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ, տեղի ունեցավ «Հանդիպում սիրո ճանապարհին» խորագրով համերգ, որն իրականացվեց Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ: Գրադարանի դահլիճում ցուցադրված էին նկարիչ, պոետ Կարինե Հունանյանի՝ «Նաիվ արվեստի» գեղանկարչական աշխատանքները: Միջոցառումը իր օրհնությամբ մեկնարկեց Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Դանիելյանը: Հնչեցին կոմպոզիտոր և պոետ, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Գայանե Կեսոյանի երգերը՝ գրված իր և Կարինե Հունանյանի խոսքերով: Հանդիսատեսն ունկնդրեց հայտնի և սիրված հայկական, ռուսական և արտասահմանյան երգեր: Ելույթներով հանդես եկան միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ Դիանա Առաքելյանը, Սյուզի Ադամյանը, Աննա Փոստոյանը, Վալենտինա Սարաֆյանը, Ինգա Հակոբյանը, Մերի Մարտիրոսյանը, Աշխեն Ալեքսանյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Արսեն Զաքարյանը և Սյուզաննա Մաթոսյանը: Հանդիսությանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի, Երևանի Բարսեղ Կանաչյանի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, Երգի պետական թատրոնին կից ստուդիայի սաները, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը և բազմաթիվ հյուրեր: Սուրբ Սարգսի տոնի առթիվ մասնակիցներին բաժանվեցին աղի բլիթներ՝ սիրո քառատողերով և բարեմաղթանքներով: Միջոցառման ավարտին աշակերտների համար կազմակերպվեց շրջայց գրադարանում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են