Հանդիսություն՝ նվիրված Սիմոն Սիմոնյանի մահվան 30-ամյակին


    Դեկտեմբերի 2-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մեծարանքի հանդիսություն՝ նվիրված սփյուռքահայ արձակագիր, դասագրքերի հեղինակ, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ, բանասեր, «Սփյուռք» շաբաթաթերթի և «Սևան» տպագրատան ու հրատարակչատան (Բեյրութ) հիմնադիր Սիմոն Սիմոնյանի մահվան 30-ամյակին: Ներկա էին ընթերցողներ, գրականագետներ, հոգևոր դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ և հյուրեր: Սիմոն Սիմոնյանը կազմել է հայոց պատմության, մայրենի լեզվի աշխարհագրության և քերականության դասագրքեր:
«…Սիմոնեանը ուսուցիչ էր բառին ազնուագոյն իմաստովը: Երբ ինք դասարան մտնէր, դասարանը կը դառնար խորան, բագին, ըսէք ինչ որ կ՚՚՚՚՚ուզէք, իսկ ինք անթրոց ի ձեռին կը դառնար քուրմ, որ մենք հեթանոսօրէն սիրէինք Սասունցի Դաւիթը, Մհերը, Ձէնով Օհանը, Քեռի Թորոսը, հիանայինք Տորգ Անգեղով ու Մեսրոպին համար ըսէինք.
-<<Հայ դարերու դիմաց կեցող, դուն, ադամանդեայ ապառաժ>>…
Սիմոնեանը մեզ կապեց մեր հողին, Սասունին, Էրզրումին, Արարատին, Սեւանին, Երեւանին…»:
Թորոս Թորանյան
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ երեկոյի բանախոսը՝ պատմաբան Գևորգ Յազըճյանը.
-Սիմոն Սիմոնյանի գրված դասագրքերը ազգային ոգով են ներծծված…,-նշեց նա:
Սիմոն Սիմոնյանի գրական գործունեության, նրա մասին պատմող հուշերով հանդես եկան գրող, հրապարակախոս, մանկավարժ, վերլուծաբան Հակոբ Միքայելյանը, պատմաբան, բանասեր, մանկավարժ Հակոբ Չոլակյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը և այլք:
Ներկաներն ունկնդրեցին հատվածներ Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններից՝ երեկոյի հանդիսավար դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են