Հանդիպում գրող, թարգմանիչ, խմբագիր Սաթենիկ Մկրտչյանի հետ


    « ... -Հասկանու՞մ ես, տատ, ես դրանք տանելու եմ ծեր հնակարկատին, նա մեծ վարպետ է…
-Նա, իսկապես, մեծ վարպետ է,-ասաց տատիկը,-երևի մի հարյուր տարեկան կլինի:
-Ես բոլորովին էլ այդ չէի ուզում ասել,-նեղացավ Արմենը:
-Ինձ ին՞չ, թե դու ին՛չ էիր ուզում ասել,-ավելի նեղացավ տատիկը,-ինձ ի՞նչ քո ասածը, եթե դու չես ցանկանում լսել, թե ե՛ս ինչ եմ ասում:
Արմենն այստեղ գլխի ընկավ, որ ինքը փչացրեց գործը և փորձեց ուղղել սխալը.
-Ախր,-հոգոց հանեց նա,-ախր, բոլորովին անհավատալի է, տա՛տ, հարյուր տարի˜…Նա իսկապե՞ս հարյուր տարեկան կլինի, տա՛տ:
Տատիկը մի փոքր մեղմացավ…»:
Վերը նշված հատվածը գրող, թարգմանիչ, խմբագիր Սաթենիկ Մկրտչյանի «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» պատմվածքից է: Հեղինակի հետ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճում: Ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, հարազատներ և մշակութային գործիչներ:
«Սաթենիկ Մկրտչյանի յուրաքանչյուր նոր գիրք ինքնազննում է ու մարդազննում, իսկ առանձին էջեր՝ ուղղակի քնարական ու փիլիսոփայական հայտնություններ: Հարատև համամարդկային արժեքներին հավատարիմ՝ նա մեզ տանում է հարազատ մի միջավայր, վաղուց գոցված բարք ու հարաբերությունների մի եզերք, որտեղ կայացել է տիեզերքի՝ մարդուց անբաժան, սակայն պարզապես չհայտնաբերված մեծ գեղեցկության հանդիսավոր հիմնը:»
Անահիտ Հակոբյան
գրականագետ, բ.գ.թ., դոցենտ
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ցերեկոյի հանդիսավարը՝ դերասանուհի Գայանե Սամվելյանը:
Ներկաները դիտեցին՝ Սաթենիկ Մկրտչյանի «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» պատմվածքի հիման վրա նկարահանված, «Старый сапожник» մուլտֆիլմը: Հաջորդիվ հեղինակի ստեղծագործական գործունեության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ Ալիս Հովհաննիսյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, բանաստեղծուհի Նանեն, «Մանց» համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Հակոբջանյանը, Պերճուհի Ավագյանը, Սեդա Ավանզադեն և այլք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են