Հանդիպում գրաբարագետ, բանաստեղծ Լուսինե Ավետիսյանի հետ և «Նոր հերոսապատում» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում գրականագետ, գրաբարագետ, բանաստեղծ Լուսինե Ավետիսյանի հետ և «Նոր հերոսապատում» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց Արցախյան մերօրյա հերոսապատումի և վերոնշյալ ժողովածուի վերաբերյալ իր խոհերը, Մաշտոցյան լեզվամշակույթի պատմական դերը, «Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի առաքելությունը։
Հանդիսության ընթացքում սույն կենտրոնի սաների կողմից արևմտահայերենով մատուցած գրական հակիրճ պատումները, բեմականացումները, տեսանյութերը, գնահատանքի խոսքերը յուրատեսակ հոգեհույզ ձոներգ էին՝ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմի Անմահ հերոսներին, մեր հայրենիքին և շքեղաշուք արևմտահայ լեզվին։
Պատերազմի օրերին զինվորների համար ընկույզի վաճառքով գումար հայթայթած փոքրիկ Վահեն «Իսահակյան պուրակում» տնկեց խաղաղության և արգասաբերության խորհրդանշական ընկուզենին՝ որպես հայ սերունդների պատմաբարոյական փոխկապակցության կենարար խորհուրդ։
Միջոցառումից մեծ տպավորություն ստացան հանդիսատեսները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի բարձր դասարանցիները՝ պատմության ուսուցիչ Վարդան Քերոբյանի ղեկավարությամբ ։
Հանդիսության ավարտին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը գրադարանի կողմից գրքեր նվիրեց փոքրիկ Վահեին։
Իսահակյան գրադարանի լուսարար կամարների ներքո փառաբանվեցին ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹԸ ։
հանդիպում գրականագետ, գրաբարագետ, բանաստեղծ Լուսինե Ավետիսյանի հետ և «Նոր հերոսապատում» գրքի շնորհանդես

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են