Նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացում


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մարտի 29-ին բացվեց նյույորքաբնակ նկարչուհի Լիլիթ Վահրադյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Ելույթ ունեցան գեղանկարիչ Վահագն Ջիվանյանը, կրթության փորձագետ Հասմիկ Սահակյանը, Ամերիկյան համալսարանի պրոռեկտորի տեղակալ Անահիտ Օրդյանը։
Նրանք կարևորեցին երիտասարդ արվեստագետի առաջին պատկերահանդեսը Հայրենիքում, բարձր գնահատեցին նրա գեղարվեստական ինքնատիպ հայեցողությունը՝ առ կյանքը և աշխարհը, առ մարդկային հոգու խորքերը։ Ելույթ ունեցողները գեղանկարչուհու պատկերային, խոհափիլիսոփայական գունապնակում շեշտադրեցին իրականի և երևակայականի դրական-բազմագույն զուգադրումները և խորունկ հակադրությունները։ Մասնավորապես կարևորվեց տաղանդավոր Վահրադյան ընտանիքի ազգային նկարագիրը։
- Ես Նյու Յորքից վերադառնում եմ Հայաստան՝ ապրելու, արարելու, քանզի այստեղ են իմ արմատները․․․Հայաստանն իր բնության և մշակույթի զարմանալի գունագեղությամբ յուրովի համակցում է աշխարհի բազմաթիվ երկրների բնամշակութային գրավիչ առանձնահատկությունները․․․ Ես հպարտ եմ իմ արմատներով, որոնք օգնում են ինձ ազատորեն զգալու կյանքն ու աշխարհը, դրանք արտահայտելու իմ սեփական ներաշխարհային վերափոխումներով, - խոստովանում է Լիլիթ Վահրադյանը։ Միջոցառումն արվեստի լույսով ջերմացրեց մասնակիցների հոգիները, ապրելու, արարելու հավատ ներշնչեց, անվերապահորեն նպաստեց ազգային ինքնության արժևորմանը և Հայրենիք-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են