Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մոլոգայի առյուծները՝ Ալեքսանդր Թամանյանի ռուսական հետքերով» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ռուսական կենտրոն» բաժնի վարիչ Լիլիթ Կարապետյանը։
Գրքի համահեղինակներ ռուս լրագրող, գրող, հասարակական գործիչ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վալերիա Օլյունինան և հայ ճարտարապետ, լրագրող, նկարիչ, դիզայներ և կինոքննադատ Պավել Ջանգիրովը ներկայացրին նոր փաստավավերագրական, գիտական հետազոտություններ Ալեքսանդր Թամանյանի ռուսական հարուստ ճարտարապետական ժառանգության վերաբերյալ։ Նրանք արժեքավոր գիտական հետազոտություններով հավաստեցին Թամանյանի անցած մասնագիտական փառահեղ ուղին և 20-րդ դարասկզբի ռուսական ճարտարապետության պատմության մեջ Թամանյանի՝ որպես այդ բնագավառի փայլուն ներկայացուցչի պատվավոր, անհերքելի տեղն ու դերը։ Գրադարանի ընթերցողները և հյուրերը մեծ հետաքրքրությամբ վայելեցին գրքի բովանդակության, ինչպես նաև ներկայացված տեսանյութային և պատումային դրվագները։
Գիրքը նախատեսված է գիտական ակադեմիական հանրույթի, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են