«Գրադարանավարի օր» «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ում


    Իսահակյան ԿԳ-ի դահլիճը մարդաշատ էր և լի բազմաբնույթ միջոցառումներով: Ցուցադրվեցին գրադարանավարների ստեղծագործական աշխատանքները՝ «Ստեղծագործում են գրադարանավարները» խորագրով: Գրադարանի ճեմասրահը լի էր բազմապիսի գրքերով, որոնք գրադարանը մեծ սիրով նվիրում էր իր ընթերցողին: Ողջ օրվա ընթացքում ճեմասրահում ցուցադրվեցին Իսահակյան գրադարանի պատմությանը նվիրված ֆիլմեր:
Դահլիճում տեղի ունեցավ գրող- հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ֆոնդի հիմնարկեքը: Նա իր անձնական գրքային ֆոնդի մի մասը մեծ սիրով նվիրեց գրադարանին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ռուզան Ասատրյանին նվիրված, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի կողմից նկարահանված «Մշո աղջիկ» ֆիլմը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթով հանդես եկան նաև բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, պատմաբան Անժելա Տերյանը, միջազգային գործարար կապերի միության նախագահ Մարիամ Մանուկյանը, և լրագրող Մարի Պետրոսյանը: Միջոցառմանը հնչեցին Ռուզան Ասատրյանի ստեղծագործությունները դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
Հաջորդիվ գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ «Գրադարանի բարեկամի օր» խորագրով: Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը գրադարանի ֆոնդի համալրման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց մի շարք նվիրատուների:
ՌԴ-ի ներկայացուցիչ ՀՀ-ում գեներալ-լեյտենանտ Գ.Ի. Հակոբյանը հանձնեց պատվոգիր գրադարանի տնօրենին՝ հասարակական կազմակերպություններին աջակցելու և նրանց հետ ակտիվորեն համագործակցելու համար և շնորհակալագիր գրադարանի կոլեկտիվին՝ բնակչության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքների և գրքի նկատմամբ սեր արթնացնելու համար:
Եղիշե Չարենցի հոբելյանական տարվա կապակցությամբ «Գրադարանավարի օր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ցուցադրվեց Իսահակյան գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ՝ «Մի էջ» շարքից, հատվածներ Երկիր Նաիրի պոեմից : Չարենցի ստեղծագործություններից ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են