Ողջույնի խոսք
   Մանկության բարի, քաղցր հուշի պես մի բան է գրքի հետ ամեն մի հանդիպումը: Քեզ ապահով ես զգում գրքի տաքուկ, հարմարավետ գրկում: Մեր գրադարանն էլ այդպիսի մի տաքուկ անկյուն է ձեզ համար, սիրելի ընթերցող: Ինչպես թատրոնը թատրոն է հանդիսատեսով, այնպես էլ գրադարանն՝ իր ընթերցողով:
Ավելի քան ութ տասնամյակի ընթացքում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հարուստ ավանդույթներ են ձևավորվել, և ուրախությամբ պիտի նշեմ, որ ավանդույթներին զուգահեռ կարողացել ենք քայլել
ժամանակին համահունչ, գրադարանը զինել ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով. մեր հարուստ գրադարանային ֆոնդից, գրքերի հավաքածուներից բացի, ընթերցողի տրամադրության տակ են անվճար Wi-Fi ծառայությունը, էլեկտրոնային գրադարանից օգտվելու հնարավորությունը, էլեկտրոնային գրքերը, օնլայն բազաները, ժամանակակից էլեկտրոնային ընթերցիչները՝ Քինդլները և այլն: Համոզված ենք, որ գրադարանային գործառույթների ավտոմատացումն ավելի կսերտացնի ընթերցող-գիրք-գրադարան կապը:
Իսահակյան գրադարանը միաժամանակ հանդիպավայր է, գրական քննակումների հավաքատեղի, մշակութային օջախ: Մեր կազմակերպած բազմաբնույթ միջոցառումներով ձգտում ենք հետաքրքիր դարձնել ընթերցասեր հասարակայնության կյանքը, մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրել գրի ու գրականության, դասական (տպագիր) և էլեկտրոնային գրքի, գրադարան այցելելու մշակույթի վրա: Գրողների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնվում է հայրենասիրության ձևավորման, ազգապահպանման, ազգային գեղեցիկ ավանդույթների շարունակականության և այդ հարցերում գրքի, գրողի դերի կարևորությունը: «Գրողն ակնթարթը մի ամբողջ կյանք է դարձնում» միտքը վերաձևակերպելով կարող ենք ասել, որ գրադարանում ամփոփված են բազում ակնթարթներ հայ ժողովրդի և համաշխարհային պատմության, մշակույթի գանձարաններից: Գրադարակներում պատմությունն է ապրում…
Սիրելի ընթերցող, սպասում ենք ձեր հերթական այցին.
գրադարանն ու կայքը ձեր տրամադրության տակ են:

Հասմիկ Կարապետյան
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են