«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: Եվ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը... Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում»:
Օգոստոսի 15-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին։ Հուշ-ցերեկույթին ներկա էին բազմաթիվ ընթերցողներ, գրականագետներ, Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի սաները, ուսուցիչները։ Վահագն Դավթյանի ստեղծագործությունների և կենսագրական հուշերից ներկայացրեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Համահայկական գրողների միության նախագահ, «Հայրենիքի ձայն» մշակութային ամսաթերթի տնօրեն Աբգար Ափինյանը, գրականագետ Կարո Վարդանյանը, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը։ Հեղինակի ստեղծագործությունների վերաբերյալ բովանդակալից նյութեր էին պատրաստել երիտասարդ ստեղծագործողներ Տարոն Գլակը, Սարգիս Հայենցը և «Հայրենիքի ձայն» մշակութային ամսաթերթի գլխավոր խմբագիր Սուսաննա Ղազարյանը։ Ներկաներն ունկնդրեցին հայ դասական երաժշտության գոհարներից հատվածներ՝ օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արմենուհի Սեյրանյանի կատարմամբ։ Ցերեկույթն ամփոփեց բ.գ.թ. դոցենտ Ջեմմա Բառնասյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են