Ավ. Իսահակյանի ԿԳ դահլիճում տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում բնակվող բժիշկ- վիրաբույժ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Զաքարյանի «Հանուն Ազնավուրի պատվի» պատմավեպի երկհատորյակի շնորհանդեսը: Պատմավեպը ներկայացնում է Վրաստանի ամիրսպասալար /բանակի գլխավոր հրամանատար/, իշխան Սարգիս Զաքարյանի՝ ազնվական կյանքի այն հանգրվանները, երբ իշխանն ամեն գնով պաշտպանում էր իր ընտանիքի ու երկրի պատիվը՝ միջնադարի ֆեոդալական հասարակարգում:
Պատմավեպում ներկայացվում են նաև Հայաստանի իշխանաց իշխան և Վրաստանի ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի և նրա եղբայրների՝ իշխաններ Իվանէ, Սարգիս և Զաքարե պլուզ ազնավուրների/ազնվականների/ կյանքի գլխավոր ուղենիշները:
Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ- ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Գրողի գրքերի մասին կարծիքներ արտահայտեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրքի թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, պատգամավոր Գեղամ Նազարյանը, բժիշկ, Իջևանի գինու գործարանի տնօրեն Գևորգ Ասլանյանը, գրականագետ Միհրան Հովհաննիսյանը և երիտասարդ գրող Հայկ Սիրունյանը:
Միջոցառումը վարեց և ելույթով հանդես եկավ գրականագետ, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են