«Իհարկե, այս մտադրությանս նպաստել են մի շարք նշանավոր մարդկանց հուշապատումները․ կարծում եմ՝ առկա և գալիք սերնդի ընթերցողներս, կարդալով հուշերս, նախ պատկերացում կկազմեն իմ ապրած կյանքի ժամանակաշրջանի իրականութան վերաբերյալ և հետո կուզենայի նաև, որ ինչ-որ բան քաղեն ու սովորեն իմ կենսափորձից»։
Ալբերտ Մարգարյան
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ դատախազության երկարամյա աշխատակից, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Ալբերտ Մարգարյանի՝ «Իրավական աշխարհ, կյանքի բարդ հանգույցներում» երկհատորյա հուշապատումի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են հեղինակի անձնական կյանքի որոշ մանրամասներ և 36 տարիների հարուստ պրակտիկ աշխատանքի ամենաբազմազան վերլուծություններ և ճշգրիտ կողմնորոշումներով հանգուցալուծումներ։
Կյանքի 25 լավագույն տարիները նվիրված լինելով քննիչի բարդ ու ստեղծագործական աշխատանքին, որից 20 տարին հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնում, հեղինակը, ղեկավարվելով «այն ինչ արգելված չէ, ուրեմն թույլատրված է» հանրահայտ չգրված կանոնով, հաճախ այնպիսի նորույթներ ու հնարքներ է կիրառել, որոնք ոչ մի օրենքով նախատեսված չեն և դրանց արդյունքում բացահայտել ու տրամաբանական ավարտին է հասցրել բազմաթիվ ծանրագույն ոճրագործություններ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Հեղինակի անցած ուղու և ներկայացված գրքի մասին խոսեցին լեզվաբան, բ.գ. դ․, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բ․գ․թ․ Նադյա Անտոնյանը, ՀՀ դատախազության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության գեներալ Տիգրան Սարգսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, գրքի խմբագիրը՝ բ.գ. դ․, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, և այլք։ ԱՄՆ-ից տեսակապի միջոցով հանդիսությանը միացավ հեղինակի վաղեմի ընկեր արձակագիր Պատրիկ Արտեմին։ Ներկաներն ունկնդրեցին հատվածներ գրքից դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են