Քամին սիրում է քո առավոտները,
քամին պոկում է արևից շողեր,
պոկում է աշնան գույները,
քամին պոկում է անցյալից ձայներ
ու հատ-հատ շարում սկուտեղին վաղվա․․․
Քամին սիրում է
երկփեղկ պատուհաններ
ու դեռ սիրում է քո առավոտները․․․
Քամին կախ ընկած տանիքից ճոճվում է․․․
/Շուշանիկ Արամ/
Հունիսի 23-ին, Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ Շուշանիկ Արամի «Սուպրեմատից մինչև գերթափանցիկություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի հենքը կնոջ (մարդու) ներաշխարհի նուրբ արծարծումներն են, անձնական և անանձնական տրտմությամբ, պայծառ թախիծով պարուրված խոհերը։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։
«Հեղինակը բանաստեղծությունը չի «օգտագործում» իր համար՝ իրեն ներկայացնելու «նպատակով», այլ իր բոլոր ապրումներն ու զգացումները, իր բոլոր մտքերն ու խոհերը տվյալ դեպքում ի սպաս է դրել բանաստեղծությանը»,- նախաբանում նշել է գրքի խմբագիրը՝ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին գնահատանքի խոսքեր ասացին Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ Վան Արյանը, արձակագիր Արամ Պաչյանը, Երևանի թիվ 170 ավագ դպրոց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Դանիելյանը։ Ներկաներն ունկնդրեցին ստեղծագործություններ գրքից դերասանուհիներ Գայանե Սամվելյանի և Շողեր Գրիգորյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են