Հանդիպում գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, Կանանց տոնին ընդառաջ, տեղի ունեցավ «Գրողը և ժամանակը» խորագրով հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Լևոն Շանթի անվան մրցանակի դափնեկիր Ռուզան Ասատրյանի հետ։ Հանդիսությունը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը գնահատանքի խոսք ասաց ազգային գաղափարաբանության հանրահռչակման և սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում Ռուզան Ասատրյանի մեծ վաստակի մասին։ Նա սիրելի գրողին հանձնեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» -ի «Ավետիք Իսահակյան» թիվ 3 հուշամեդալը և Ագուլեցի-Սամվելյանների ընտանիքի ինքնատիպ հուշանվերը։
Ռուզան Ասատրյանի ազգային-հասարակական, գրական, մարդկային և քաղաքացիական բեղմնավոր գործունեությունը բարձր գնահատեցին «ՎԱՆ ԱՐՅԱՆ» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վան Արյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, «Վան» օպերացիայի հրամանատար Վազգեն Սիսլյանը, երգչուհի Անահիտ Սահակյանը, Սուսաննա Սուքիասյանը, «Նոյյան տապան» լրատվական գործակալության լրագրող Մարի Պետրոսյանը և Մարիամ Մանուկյանը։ Ռուզան Ասատրյանի ստեղծագործություններից նմուշներ ներկայացրին ասմունքող Աիդա Ասատուրյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Սիրելի բանաստեղծուհուն երախտագիտության խոսք ասաց և «Շուշի» վիպերգից հատվածներ ներկայացրեց «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի շրջանավարտ, ասմունքող Նարեկ Մարգարյանը։
Սիրված երգչուհի Անահիտ Սահակյանը հանդես եկավ Ռ. Ասատրյանի խոսքերով գրված երգերի կատարումներով։
Միջոցառման ավարտին Ռուզան Ասատրյանն անդրադարձավ հայ ազգային, պետական-քաղաքական հիմնախնդիրներին, կարևորեց հայ կանանց դերը մեր հասարակական կյանքում և կոչ արեց հայրենիքի վերազորացման գործում առավել գործուն մասնակցության։ Ռուզան Ասատրյանը երախտագիտության խոսք հղեց մասնակիցներին, կազմակերպիչներին և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենությանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Ռուզան Ասատրյանին նվիրված «Մշո աղջիկ» տեսանյութից և «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի «Շուշի» տեաֆիլմից՝ ըստ Ռուզան Ասատրյանի «Շուշի» վիպերգի։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են