«Գրադարանը նվիրում է»


    Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ճեմասրահում այդ օրը, «Գրադարանը նվիրում է» ծրագրի շրջանակներում, ընթերցողների և այցելուների համար կազմակերպվեցին գրականության նվիրատվություն և Թումանյանին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրություն:
Գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
«Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հոգեբուխ խոսք ասաց օրվա խորհրդի մասին և շնորհակալագրեր հանձնեց գրադարանի բարեկամներին՝ գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար: Նա խորքային հիմնավորումներով մեկնաբանեց Հովհաննես Թումանյան քաղաքակրթական երևույթը, հայ ժողովրդի տոհմիկ գրապաշտության, Գիրք նվիրելու վսեմ տոնի բացառիկ արժեքը, ինչպես նաև շեշտադրեց գրքային ֆոնդի համալրման գործում գրադարանի բարեկամների հետ արդյունավետ համագործակցության ընդլայնման իրականցումը:
Գրադարանի շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ /ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան՝ Նիկո Սխերմերս/, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանին, բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բգթ Արծվի Բախչինյանին, բանաստեղծ, գրող, սերբագետ, թարգմանիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին, գրող, մշակութաբան, ՀԳՄ անդամ Թամար Հովհաննիսյանին, ճարտարապետության ազգային թանգարանի գիտաշխատող Անուշ Տեր-Մինասյանին, գրականագետ, գրող, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանին, տգթ Ռիտա Հարությունյանին, գրող, ՀԳՄ անդամ Սամվել Մանուկյանին, լրագրող Լյուսյա Մեհրաբյանին, արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանին և այլոց։
Ելույթ ունեցողները հայտնեցին իրենց երախտագիտությունը, ինչպես նաև գրադարանի հետ առաջիկայում առավել ջերմ բարեկամության և ծրագրային գործակցության պատրաստակամությունը:
Դերասանուհիներ Գայանե Սամվելյանի և Աիդա Ասատուրյանի բարձրարվեստ ասմունքը, ինքնատիպ տեսանյութերը, <<Արար>>/ գեղ․ ղեկավար՝ Գոռ Մելքումյան / երգչախմբի կատարումները մթնոլորտը լցրին թումանյանական հոգեսուն շնչով ու ջերմ ոգեղենությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են