Ցերեկույթ` նվիրված հայ-սերբական բարեկամությանը


    Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության համագործակցությամբ Իսահակյան գրադարանի դահլիճում կազմակերպվեց ցերեկույթ` նվիրված հայ-սերբական բարեկամությանը։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Նա նշեց, որ սույն համերգ-հանդիսությունը կազմակերպվում է Սերբիայի Հանրապետության պետականության օրվա միջոցառումների շրջանակում։
Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը ողջունեց հյուրերին և վստահություն հայտնեց առաջիկայում հայ-սերբական մշակութային կապերն առավել ընդլայնելու վերաբերյալ։
Գրադարանի փոխտնօրենը Գիրք նվիրելու օրվա տոնին ընդառաջ, որպես սերբ ժողովրդի հանդեպ սիրո խորհրդանիշ, գիրք նվիրեց Սերբիայի Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչին։
Բանաստեղծ, թարգմանիչ, Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն իր խոսքում կարևորեց պատմական ճակատագրով համանման հայ և սերբ ժողովուրդների բարեկամության գործում մշակույթի, թարգմանչական գործի, մասնավորապես պոեզիայի և երաժշտարվեստի մարդասիրական ներուժի հույժ ազդեցիկ, ջերմ և հոգեպարար դերակատարությունը։
Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը ներկայացրեց ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպանատան դիվանագիտական առաքելությունը, երկու երկրների քաղաքական գործակցության զարգացման հեռանկարը և Սերբիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի բացառիկ դերը երկու պետությունների գրական, մշակութային, դիվանագիտական հարաբերությունների գործընթացում։
Երկու ժողովուրդների միջև ավանդական գրական-թարգմանչական մշակույթին և այդ գործում հայ մեծերի, Հովհ. Թումանյանի, նաև մեր ժամանակակից նվիրյալ Բաբկեն Սիմոնյանի անուրանալի ներդրմանն անդրադարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։
Պատմաբան, հայագետ Գևորգ Յազըճյանը գնահատանքի խոսք ասաց Բաբկեն Սիմոնյանի արդյունավետ գործունեության մասին և ստանձնեց հայ-սերբական թարգմանչական գրականության զարգացման գործընթացում բարեգործական որոշակի պարտավորություն։ Միջոցառման ընթացքում հնչեցին սերբական քնարական երգեր։ Գայանե Սամվելյանն ընթերցեց նշխարներ սերբական ժամանակակից պոեզիայից, նմուշներ Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծություններից։ Միջոցառումը վարեց Բաբկեն Սիմոնյանը։
Ցերեկույթի ավարտին նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և սերբերեն ասմունքեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»՝ իր հեղինակային թարգմանությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են