Գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնը Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում համագործակցությամբ կազմակերպեցին երիտասարդ բանաստեղծ Զօր Այրի «Խոսուն լռություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհադեսը և բանաստեղծի ու նրա երջանկահիշատակ մայրիկի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Անուշ Գալստյանը:
«Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի հիմնադիր նախագահ, բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Շանթը, դրամատուրգ, «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի անդամ Գևորգ Շահինյանը, Մ․ Մանուշյանի անվ. թիվ 48 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Զօր Այրի դասղեկ Գրեզելդա Ղազարյանը հոգեբուխ և ջերմ անդրադարձներով ներկայացրին բազմաշնորհ երիտասարդ բանաստեղծի մարդկային և գրողական վառ, ինքնատիպ դիմագիծը նրա բանաստեղծական գունագեղ ներաշխարհի արդիաշունչ առանձնահատկությունները, նրա հոգում բառի, գույնի, երաժշտական հնչյունի Աստվածատուր ներդաշնակության զմայլանքը:
Հնչեցին հայ և համաշխարհային երաժշտական գոհարների նմուշներ. Առնո Բաբաջանյան՝ «Մեղեդի», (դաշնամուր՝ Զօր Այր/, «Пушинка белая », (ֆլեյտա՝Անուշ Գրիգորյան), Մենդելսոն՝ «Песня венецианского гондольера», «Սարի աղջիկ», /ուդ/դաշնամուր՝ Լևոն Մարտիրոսյան), «Ավե Մարիա», /դաշնամուր/ֆլեյտա/։ Երիտասարդ բանաստեղծ Զօր Այրը փայլեց նաև երաժշտական տաղանդով, նրա դաշնամուրային և ուդով կատարումները գեղարվեստական մեծ հաճույք պարգևեցին հանդիսատեսին։ Դերասանուհի Գայանե Սամվելյանը ջերմությամբ ընթերցեց հեղինակի լուսաշաղախ, հոգեսուն բանաստեղծություններից:
Ցուցադրված տեսանյութերը դերասանուհի Աիդա Ասատուրյանի հոգեբուխ ընթերցմամբ ներկայացրին Զօր Այրի բանաստեղծական խորունկ թրթիռները։
Միջոցառման ավարտին բանաստեղծի բարեկամ Մարինե Ղազարյանը հետաքրքիր և հուզիչ անակնկալ մատուցեց Զօր Այրին՝ նվիրելով նրան մոր կտավներից։
Շնորհակալական սրտաբուխ խոսք ասաց և իր բանաստեղծություններից ասմունքեց Զօր Այրը:
Հանդիսությունը վարեց Անուշ Գալստյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են