Ֆաբիա Վաֆիի և Ֆարհադ Հասանզադեի գրքերի շնորհանդես


    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակին նվիրված հաղթական «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) 42-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի հետ, կազմակերպեց իրանցի ժամանակակից արձակագիրներ Ֆարիբա Վաֆիի «Իմ թռչունը», «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա´, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսը։
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր բացման խոսքում շնորհավորեց Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը և շեշտեց հայ-իրանական գրական-մշակութային կապերի կարևորագույն նշանակությունը երկու ժողովուրդների բարեկամության գործում։ Տիկին Կարապետյանն անդրադարձավ դարավոր մշակութային ժառանգություն ունեցող հայ և իրանական ժողովուրդների մշակութային, ազգային ավանդույթների և նկարագրի ընդհանրություններին։ Նա պատրաստակամություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ առաջիկայում առավել ընդլայնելու գրական-մշակութային գործակցության սահմանները։
Շնորհակալության և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զորուհին՝ նշելով, որ գրականությունը հուսալի և արդյունավետ կամուրջ է երկու երկրների միջև առավել արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն հայ-իրանական մշակութային-քաղաքակրթական նոր նախագծեր։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային իր շնորհավորանքի խոսքում վստահություն հայտնեց, որ հայ-իրականական դասական և ժամանակակից գրական-մշակութային-թարգմանչական գործակցությունը հույժ կարևոր է, ն առաջիկայում այն մեծ առաջընթաց կունենա։
Ելույթ ունեցան գրականագետ, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, լեզվաբան, հայերենագետ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխ. խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թադևոս Տոնոյանը, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը՝ կարևորելով հայ-իրանական գրական-մշակութային գործակցության առկա ձեռքբերումները և ապագա ընդգրկուն նախագծերը։
Դերասանուհիներ Աիդա Ասատուրյանի և Մարիամ Հակոբյանի նրբարվեստ ընթերցումները, ցուցադրված տեսանյութերը հայ ունկնդիրներին փոխանցեցին իրանական ժամանակակից գրականության գեղարվեստական շունչը և մարդասիրական բովանդակությունը։ Միջոցառման ավարտին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները գրադարանին նվիրեցին իրանական ժամանակակից գրականության նմուշներ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են