Հանդիսություն՝ նվիրված Ռաֆայել Սահակյանին


    ԿԳԱՆ ՆՈՐԻՑ...
Կգան օրեր աստվածաշող արևներով,
Հուշածրար, սուրբ ծաղիկներ կելնեն հողից,
Հիշողության երկինքների օվկիաններով'
Հույսի հայոց մեր աստղերը կիջնեն նորից։
Ռաֆայել Սահակյան
Բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ Ռաֆայել Սահակյանին, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի որոշմամբ, շնորհվել է Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումի հանձնման հանդիսությունը։
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը ներկայացրեց Ռաֆայել Սահակյանի անցած բեղմնավոր ուղին, պատվավոր կոչում շնորհելու մասին ասոցիացիայի որոշումը և անվանի գրողին հանձնեց <<Մշակույթի վաստակավոր գործիչ>> պատվավոր կոչումը։
Բարձր գնահատանքի խոսք ասաց <<Արահետ>> պարբերականի խմբագիր Միքայել Միրիջանյանը և ներկաներին մատուցեց Ռ․ Սահակյանի խոսքերով գրած իր հեղինակային երգը։
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր խոսքում կարևորեց գրադարանի ընթերցողների, մտավորականների հետ նմանօրինակ ծրագրերի վերսկսման հնարավորությունը։ Գրադարանի տնօրենը վստահություն հայտնեց, որ հայ մտավորական հանրույթը կշարունակի մնալ մեր հասարակական կյանքում գրքի, գրականության կրթական-մշակութային դերակատարության ակտիվ քարոզիչը և յուրատիպ դեսպանը։ Նա անդրադարձ կատարեց Ռաֆայել Սահակյան էրգրապաշտ գրողի հայաշունչ և արմատաբույր գրականությանը՝ կոչելով այն կորուսյալ հայրենիքի ցավի, կարոտի գենետիկ-կենարար էներգիա, ազգային մաքրամաքուր, հույժ անհրաժեշտ արժեքների և Ոգու խտացում։
Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը։
Դերասանուհի Աիդա Ասատուրյանի հոգեբուխ ընթերցումները, ցուցադրված բարձրաճաշակ տեսանյութերը մթնոլորտը լցրին հայրենահամ ոգեղենությամբ։
Ռաֆայել Սահակյանն ամփոփման խոսքում ընթերցեց իր բանաստեղծություններից։ Նա խորին երախտագիտություն հայտնեց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիային, սիրելի գրադարանի տնօրենությանը և միջոցառման մասնակիցներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են