«Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդես


    «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հարազատ հողի, առանց հայրենիքի հետ սերտ կապի՝ արվեստագետ չի եղել...
...Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը։ Գալիս են նոր սերունդներ, և շարունակ արևը մնում է մարդու մեջ...»,- սրանք մեջբերումներ են մեծն Մարտիրոս Սարյանի խոհերից:
Հայ մեծանուն արվեստագետ, մեծ մտածող Մարտիրոս Սարյանը 140 տարեկան է: Նա ապրեց, արարեց և անմահացավ որպես գույների «կախարդ», տոհմիկ հայ համաես և մեծանուն համամարդ՝ հավատարիմ մնալով արևապաշտության, լուսապաշտության, հայրենապաշտության, մարդապաշտության, բնապաշտության իր իմաստուն օրենքներին, դրանք պատգամելով նաև սերունդներին:
Ազգային և համամարդկային բարձր արժեքները մեծն Սարյանի արվեստի, նրա մարդկային, քաղաքացիական գունապնակի հզորությամբ սերունդներին փոխանցելու նպատակն ուներ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում փետրվարի 28-ին կայացած հետաքրքիր միջոցառումը՝ «Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը բացեց դերասանուհի ԳայանեՍամվելյանը: Ելույթ ունեցան Մարտիրոս Սարյանի տուն-թամգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Նրանք նկարչի անմահ արվեստը գնահատեցին որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ, որը համաշխարհային արվեստը հարստացրեց մեր ազգայինի վեհաշուք փայլով ու գույնով։ Ելույթ ունեցողները հավաստեցին, որ Սարյանը քայլեց իր ժողովրդի հետ ու ապրեց նրա ողբերգությունը։ Նրա կտավներում երանգներով իմաստավորվեց բացառիկ «Սարյանական» մի կենսահաստատ փիլիսոփայություն. իր ժողովրդի արյունոտ գողգոթայի ողբերգությունը, մահը հաղթահարվում է ժողովրդի տոհմիկ-զորեղ նկարագրի պայծառ-ծիրանի գույներով՝ Կյանքի, Լույսի, Արևի անմահության հավերժականով... Դա ոչ միայն հաղթահարումն էր մահվան, այլև ՀԱՂԹԱՆԱԿՆ Էր մահվան դեմ... Դա Սարյանական հանճարի բացահայտում-գյուտն էր, Ապրելու, հարատևելու վեհափառ-լուսեղեն դեղատոմսը հանուն ԿՅԱՆՔԻ...
Հետաքրքիր ընթերցումներով հանդես եկավ Աիդա Ասատուրյանը:
Հանդիսատեսը կրկին ճանաչեց իր արմատների, բարձր արժեքների ուժը և հեռացավ առավել զորացած, առավել հպարտ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են