Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» գրքի շնորհանդես


    Փետրվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Միհրան Ղազարյանի «Բիթլիս 1915» ականատեսի վկայություններ գրքի շնորհանդեսը: Գիրքը ութսունամյա մարդու հուշերն է,ով Հայոց Մեծ Եղեռնի ականատեսն է եղել 13-ամյա հասակում: Հուշերն առանձնահատուկ են պայքարի ոգին բռնած երեք երիտասարդ կանանց ու երկու պատանիների կերպարներով, ովքեր անօրինակ անձնազոհությամբ վրեժխնդիր են լինում եղեռնագործներից: Գրքում ամբողջովին պահպանվել են հեղինակի յուրահատուկ ոճն ու լեզուն: Շնորհանդեսը սկսվեց 1915թ զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակի ցուցադրությամբ: Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը: Գրքի մասին խոսելիս յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց իր պատմությունը: Շնորհանդեսին ներկա էին և ելույթ ունեցան գրքի ռուսերեն տարբերակի թարգմանիչ, խմբագիր Լաուրա Ղազարյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, Միհրան Ղազարյանի դուստր՝ Ջուլիետա Ղազարյանը, գրող Անուշ Վարդանյանը, ընթերցող, մասնագիտությամբ ինժեներ Ռիտա Հարությունյանը, ԵՊՀ-ի դասախոս Գուրգեն Հովհաննիսյանը, բանախոս Սամսոն Հարությունյանը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը, արևմտահայ գրող ու ցեղասպանության զոհերից Դանիել Վարուժանի «Կարմիր հողը» բանաստեղծությունը կարդաց ասմունքող Աիդա Ասատուրյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակի դուստր Ջուլիետա Ղազարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են