«Գիրք նվիրելու օր»


    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով... Գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու նպատակ ունի Գիրք նվիրելու օրը, որը գիրք նվիրելուց բացի նվիրում է նաև հույզեր ու գիտելիքներ, գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, միտք ու հոգի, քանի որ գիրքն է, որ մարդու ներաշխարհում սերմանում է սեր դեպի մարդն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, գեղեցիկը, սիրեցյալն ու կատարյալը: Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում այդ տոնը գեղեցիկ ավանդույթ է դարձել. արդեն երկար տարիներ գրադարանն այս օրը անակնկալ է մատուցում իր ընթերցողներին: Այս տարի ևս «Գրադարանը նվիրում է» ծրագրի շրջանակներում, դասական գրականությունից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրեց իր ընթերցողներին և այցելուներին: Օրվա խորհուրդը շարունակվեց գրադարանի դահլիճում փոքրիկ հյուրերի մասնակցությամբ. «Հեքիաթ» մանկական կենտրոնի սաները հանդես եկան «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ» խորագրով թումանյանական կոմպոզիցիայով: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Գիրք նվիրելու օր» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ ԵՊՄՀ-ի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի անձնական ֆոնդի բացում և ցուցադրում: Գրադարանը հարուստ է իր բարեկամներով, որոնք ինչպես ողջ տարի, այնպես էլ Գիրք նվիրելու օրը, բազմաթիվ գրքեր նվիրեցին գրադարանին: Գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շնորհակալագրեր հանձնեց գրադարանի բարեկամներին՝ գրականագետ Արմեն Ավանեսյանին, «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնին /գլխավոր տնօրեն՝ Վահրամ Կարապետյան/, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին, գրականագետ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանին, Անահիտ Հովհաննիսյանին և այլոց: Տնօրինության կողմից շնորհակալագրեր հանձնվեց նաև «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գրադարան-մասնաճյուղերի բարեկամներին, որոնց նվիրատվությունների շնորհիվ հարստացել է մասնաճյուղերի գրքային ֆոնդը: Օրվա տոնի առթիվ ընթերցասեր հասարակայնությանը շնորհավորեց ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը: Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ գրադարան էին այցելել Քասախի թիվ 2 միջնակարգ դպրոցի 5- 6 րդ դասարանների աշակերտները՝ դասղեկ Նազիկ Գասպարյանի, Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6 բ դասարանի աշակերտները՝ դասղեկ Վարդ Կարապետյանի, թիվ 130 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ալիսա Մանուկյանի, թիվ 9 մանկապարտեզի սաները՝ դաստիարակ Վարդուհի Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ժասմին Գևորգյանի ուղեկցությամբ անակնկալ էին պատրաստել. բերել էին նվեր-գրքեր՝ գրադարանի միջոցով մեր զինվորներին ուղարկելու նպատակով: Ողջ օրվա ընթացքում գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանին նվիրված տեսանյութեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են