ՍԵՐԲԻԱՅԻ ՈԳԻՆ ԷՐ ԹԵՎԱԾՈՒՄ


    Փետրվարի 15-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Սերբիայի Հանրապետության պետականության օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունը: Ցերեկույթը վարում էր Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը, որի ստեղծած հայ-սերբական բարեկամության կամուրջը 45 տարվա պատմություն ունի: 1975 թվականից Հայաստանում նա առաջինն է զբաղվել հայ-սերբական գրական ու մշակութային կապերով: Անցած 45 տարիների ընթացքում նա հսկայական աշխատանք է կատարել այդ կապերը զարգացնելու և ամրացնելու ուղղությամբ: 2007 թվականից Բաբկեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոսն է: Ամեն տարի ավանդաբար նախաձեռնում է Սերբիայի Հանրապետության պետականության օրվան նվիրված միջոցառման անցկացումը՝ այդ կերպ կամուրջ ստեղծելով բախտակից երկու ժողովուրդների միջև: Այս անգամ ևս հրաշալի միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էին անվանի մտավորականներ, գրողներ, արվեստագետներ, գրականագետներ, երաժիշտներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ: Պաշտոնական խոսքով ելույթ ունեցավ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչը: Նա խոսեց բախտակից հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամության, նրանց անցած դժվարին ուղու մասին, արժեքավոր դրվագներ ներկայացրեց սերբ ժողովրդի պատմությունից: Տաք ու անմիջական խոսքով ելույթներ ունեցան ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով իր խոսքում անդրադարձավ հայ-սերբական գրական կապերին՝ հիշատակելով հայոց երկու մեծ բանաստեղծներին՝ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին՝ նշելով, որ Թումանյանը հատվածներ է թարգմանել սերբական էպոսից, իսկ Իսահակյանի «Ժողովրդի քնարը» հրաշալի բանաստեղծությունը սերբ ժողովրդի ողբերգությունը նկարագրող փայլուն ստեղծագործություն է: Հայ և սերբ ժողովուրդների բարեկամության և, հատկապես, երաժշտական ժառանգության նմանության մասին հրաշալի խոսք ասաց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանը՝ ընդհանուր շատ եզրեր գտնելով հայկական և սերբական երաժշտարվեստի միջև: Ներկաները լսեցին նաև Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանող, ազգությամբ սերբ Պրեդրագ Միյանովիչին: Նրա խոսքը հայերեն էր, նա հասցրել է Հայաստանում գտնվելու չորս տարիների ընթացքում սովորել և կատարելագործել իր հայերենը: Պատմաբան Գևորգ Յազըճյանն անափ սիրով խոսեց հայ-սերբական կապերի բնագավառում իր վաղեմի բարեկամ Բաբկեն Սիմոնյանի կատարած հսկայածավալ աշխատանքի մասին: Նրա մատուցած անակնկալը, սակայն, հիացրեց ներկաներին: Նա կատարեց սերբական «Оj голубе» հանրահայտ երգը, որ թարգմանաբար կնշանակի «Ո՜վ, աղավնյակս»: Ներկաները բուռն ծափերով ընդունեցին նրա կատարումը: Գայանե Սամվելյանն և Աիդա Ասատուրյանը վարպետ կատարումներով ներկայացրին բանաստեղծություններ Բաբկեն Սիմոնյանի սերբական շարքից, ինչպես նաև Հայաստանի մասին սերբ բանաստեղծների գրած ստեղծագործություններ: Միջոցառման պսակը, սակայն, Բաբկեն Սիմոնյանի սերբերեն փայլուն թարգմանությամբ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության կատարումն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են