Ռուբեն Սևակի 135-ամյակին նվիրված գրական-երաժշտական հանդիսություն


    Հայ ազգային ոգին և առաքինությունները, ազգային և համամարդկային արժեքներն առավել անաղարտությամբ պահպանվել են հայ գրական ժառանգության մեջ: Հետևաբար, գրական կոթողների արդյունավետ հանրայնացումը և դրանք սերունդներին փոխանցումը Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հույժ կարևոր նպատակներից է: Փետրվարի 14-ին Կենտրոնական գրադարանում Ռուբեն Սևակի 135-ամյակին նվիրված գրական-երաժշտական հանդիսության կազմակերպումը բխում էր գրադարանի ծրագրային, գրական-մշակութային քաղաքականությունից: Գրադարանի հյուրերն էին Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցի աշակերտները և ուսուցիչները՝ տնօրեն Աննա Հարությունյանի գլխավորությամբ: Բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանն իր բացման խոսքում հատկապես կարևորեց վաղամեռիկ բանաստեղծի կերպարի և քերթության կենսասիրության, լավատեսության, մարդասիրության հզոր շեշտադրումները: Գայանե Սամվելյանի և Աիդա Ասատուրյանի բարձրարվեստ գեղարվեստական կատարումները և դպրոցականների գրական-երաժշտական հետաքրքիր ծրագիրն ստեղծեցին առինքնող-հոգեհույզ մթնոլորտ: Հանդիսատեսը խորապես ներշնչվեց մեծատաղանդ Ռուբեն Սևակի բացառիկ հայրենասիրությամբ և ազնվական հոգու բարձրաբարո առաքինություններով: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը միջոցառման ավարտին շնորհավորանքի, գնահատանքի խոսք ասաց և Ռուբեն Սևակի անվան դպրոցին պարգևատրեց շնորհակալագրով: Կենտրոնական գրադարանի և Ռուբեն Սևակի անվան դպրոցի միջև ձեռք բերվեց հիմնավոր պայմանավորվծություն առաջիկայում առավել գործուն համագործակցության վերաբերյալ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են