Դասախոսություն՝ նվիրված Կոստան Զարյանի ծննդյան 135-ամյակին


    Փետրվարի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Կոստան Զարյանի ծննդյան 135-ամյակին: Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա նշեց, որ Կոստան Զարյանի և նրա մեծ գրականության վերաբերյալ տեղեկույթի հանրահռչակման գործընթացն անհրաժեշտություն ունի շարունակական ընդարձակման։ Դասախոսությունը վարեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։Նա գրականագիտական ծանրակշիռ վերլուծություններով, հարուստ փաստարկներով ներկայացրեց Կոստան Զարյանի անցած գրական-մշակութային բարդ և մեծարժեք ուղին, մարդկային դրամատիկական ճակատագիրը, ազգային ինքնության անընդգրկելի խորազգացությունը և գրողի բոլորանվեր ողջակիզումը՝ առ Հայաստան, առ Արարատյան մշակույթ։ Միջոցառմանը ներկա անվանի մտավորականները և բազմաթիվ ընթերցողներ մեծ գոհունակությամբ հավաստեցին դասախոսության գիտակրթական-ճանաչողական արդյունավետությունը։ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հերթական մշակութային այս միջոցառումն աներկբայորեն ծառայեց իր նպատակին՝ ունկնդիրների մեջ ամրագրելով ազգային մշակութային ինքնաճանաչության համոզմունքը. <<Կոստան Զարյանը, հիրավի, հայ մշակութային մտածողության ներկայությունը և մասնակցությունն է համաշխարհային մշակույթի մեջ>>։ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը խորին երախտագիտություն հայտնեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին` բարձրամակարդակ դասախոսության համար։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են