Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանին


    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին... /Վ. Տերյան/
Փետրվարի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հերթական մշակութային միջոցառումը. կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին: Գրադարանի հյուրերն էին Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտները, ներկա էին բազմաթիվ ընթերցողներ:
Բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը բացման խոսքում նշեց Տերյանի պոեզիայի բացառիկ արժեքը հայ գրականության անդաստանում: Նա ողջունեց գրադարանի և հասարակության միջև առկա նպատակամետ-արդյունավետ փոխգործակցությունը՝ Հոգևոր Հայաստանի զորացման առաքելության մեջ:
Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը գեղարվեստական արհեստավարժ մեկնաբանումներով և հոգեհույզ վարպետությամբ ներկայացրին Վահան Տերյանի պոեզիայի կախարդական աշխարհը: Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտների հետաքրքիր գրական-երաժշտական ծրագիրն ամբողջացրեց մեծն Տերյանի բանաստեղծական, քաղաքացիական և մարդկային դիմանկարը:
<<ԱՎ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը ջերմորեն ողջունեց մասնակիցներին և շնորհակալագիր հանձնեց Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցին՝ գրադարանի մշակութային ծրագրերին ակտիվ մասնակցության համար:
Շնորհավորանքի և գնահատանքի հոգեբուխ խոսք ասացին կինոգետ, լրագրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը և գրադարանի բազմաթիվ ընթերցողներ:
Մթնոլորտն առլեցուն էր Տերյանի ազնվական արվեստի շնչով: Հանդիսատեսը մեկ անգամ ևս վեհացավ Տերյանական նուրբ ու խորունկ բանաստեղծությամբ, հոգեպարար խաղ ու տաղի կախարդանքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են