«Գրադարանները՝ տպագիր-թվային սահմանագծին»


    Փետրվարի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության բաժնի բակալավրիատի հեռակա ուսուցման երկրորդ կուրսի ուսանողները՝ բուհի դասախոս, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի ղեկավարությամբ: Գրացուցակների բաժնի վարիչ Մարինե Գրիգորյանն ուսանողներին ծանոթացրեց գրադարանի էլեկտրոնային գրացուցակների և էլեկտրոնային մուտքագրման աշխատանքներին: Այնուհետև, դահլիճում գրադարանի ավագ և երիտասարդ սերունդների աշխատակիցները, ՀՊՄՀ-ի ուսանողները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին բանախոս Ներսես Հայրապետյանի «Գրադարանները՝ տպագիր-թվային սահմանագծին» թեմայով դասախոսությունը: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը համեմատական անդրադարձ կատարեց տպագիր - թվային գրադարանների գործունեության առանձնահատկություններին և 21-րդ դարում ՆՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ մոդելի ստեղծման հույժ կարևորությանը՝ նշելով իրականացման ժամանակակից մեխանիզմներ և մոտեցումներ: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարբեր սերունդների կողմից ներկայացվեցին հետաքրքիր առաջարկություններ: Միջոցառումն ընթացավ գործուն, ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով և նպաստեց գրադարանների նորարարական բարեփոխումների գործընթացին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են