«Ասելիքս սեր է»


    Դեկտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լաուրա Գևորգյանի «Ասելիքս սեր է» գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծ, արձակագիր, վերոնշյալ ժողովածուի խմբագիր Վահագն Մուղնեցյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը ջերմությամբ ներկայացրին Լաուրա Գևորգյանի մարդկային-բարոյական և գեղարվեստական դավանանքը, ինչպես նաև «Ասելիքս սեր է» գրքի փիլիսոփայական ընդգրկումը և գրական- գեղագիտական արժեքը։
ԿԳ ՀՈԱԿ-ի 29 գ/մ-ի «Հասկեր» ակումբի հիմնադիր, մանկավարժ Սաթենիկ Մարկոսյանը նուրբ դիտարկումներով ամբողջացրեց գրողի աշխարհընկալումի, հույզի, բանականության ոգեղեն գունապնակը։
Փարիզի հայկական ռադիոյի լրագրող Նվարդ Մնացականյանի ընթերցումների և բանաստեղծուհու դստեր՝ Բեռլինից հղած ողջույնի տեսանյութը յուրատիպ հուզականություն հաղորդեց հանդիսությանը։
Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը նմուշներ ընթերցեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից։
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց «Արար» երգչախմբի երգչուհի Մարիամ Բարմախսզյանի և Լ.Գևորգյանի խոսքերով գրված երգի հեղինակ, երգչուհի Ալվարդ Բադալյանի ինքնաբուխ կատարումները։
Լաուրա Գևորգյանն իր ամփոփիչ խոսքում երախտագիտություն հայտնեց մասնակիցներին, աջակիցներին և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։
Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են