Գագիկ Գասպարյան` «Ժամանակի դեմքը»


    Դեկտեմբերի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լուսանկարիչ-օպերատոր Գագիկ Գասպարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Ժամանակի դեմքը» խորագրով: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը հայտարարեց, շնորհավորանքի խոսք հղեց և միջոցառումը վարեց <<Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը և Սահակ Թռոյանն ամրագրեցին Գագիկ Գասպարյանի խորաթափանց <<հոգու աչքի>>, լուսանկարչական ազնիվ արվեստի փիլիսոփայական տարողությունը, նրա առաջիկա ծրագրերի հասցեական նպատակայնությունը։ Տիկին Հասմիկ Կարապետյանն իր խոսքում կարևորեց Գագիկ Գասպարյանի լուսանկարչական կերպար-հերոսների հոգեբանական դիմանկարների գեղարվեստական, ժամանակագրական, մշակութային արժեքը մեր քաղաքի ժամանակակից դիմագիծն ամբողջացնելու գործում։ Նա նկատեց, որ լուսանկարչական արվեստում անվանի մարդկանց արժևորումը հանրության մշակութային կրթության կարևոր բաղադրիչներից է և ունի պատմագեղագիտական դերակատարություն։ Գագիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և աջակիցներին։ Ցուցահանդեսը Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են