Կոմիտասյան համերգ-ուսուցում


    Նոյեմբերի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կազմակերպվեց Կոմիտասյան համերգ-ուսուցում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառումը բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ մեր 150-ամյա Մեծերի՝ Կոմիտասի և Հովհ. Թումանյանի հանճարեղ ժառանգությանը՝ որպես հայոց ազգային դիմագիծը ժամանակի և տարածության ծիրերում ներկայացնող, պահպանող քաղաքակրթական բարձրարժեք երևույթ։ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ներկայացրեց կոմիտասյան սիրված երգերի ընտրանի՝ խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց «Սեբաստացիներ» երգչախմբի կողմից ՀՀ-ում և Արցախում մեծն Կոմիտասի մշակութային ժառանգության մեծարումի և քարոզչության պատումը։ «Օլիմպոս» կրթահամալիրի սաները և բոլոր ունկնդիրները մեծ հաճույքով մասնակցեցին կոմիտասյան երգերի ուսուցման և «Կարդում ենք Թումանյան» ինքնատիպ, հոգեբուխ ծրագրերին։ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մեկ անգամ ևս ճառագեց մեր Մեծաց հավաքական հանճարալույսը՝ սերունդների մեջ զորացնելով ազնվական արմատների ինքնագիտակցությունը և ՎԵՀԻ, ՎՍԵՄԻ կենսառաք ներուժը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են