«Նռան հատիկ»


    Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը «Մետրո», Պատանի հանդիսատեսի, «Զեյթուն» մշակութային կենտրոնի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնների դահլիճներում մշակութային եռուզեռ էր: Մանկապատանեկան թատերախմբերի աշնանային «բերքահավաք» էր: «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա Հ/Կ-ն և Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը մեկնարկեցին «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:
«Նռան հատիկ»-ը եզրափակիչ փուլին իր շուրջն էր համախմբել ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերի և մայրաքաղաքի թվով 28 մանկապատանեկան թատերախմբերի նռան հատիկների՝ իրենց 30 բեմադրություններով: Աշնանային հեքիաթային խայտաբղետ թատերական անցուդարձի տրամաբանական ավարտը հայտարարվեց նոյեմբերի 2-ին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի հյուրընկալ բեմում: Թատերասեր հանդիսատեսը, թատերախմբերը, հյուրերը, կազմակերպիչները և՛ տխուր էին, և՛ ուրախ: Փառատոնի փակմանը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա Հ/Կ-ի նախագահ Սարգիս Նիկողոսյանը և «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը շնորհակալագրեր հանձնեցին փառատոնի աջակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնին՝ /տնօրեն Էմին Թորոսյան/, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնին՝ /տնօրեն՝ Էրիկ Բարսեղյան/, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մետրո» թատրոնին՝ /տնօրեն՝ Կարեն Միրաքյան/ և «Զեյթուն» մշակութային կենտրոնին՝ /տնօրեն՝ Նաիրա Ելինյան/:
«Նռան հատիկ»-ի 19-ամյակի և նրա գործունեության, ձեռքբերումների առթիվ կազմակերպիչներին, թատերախմբերին շնորհավորեցին Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Նռան հատիկ» փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանը և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի պատվավոր նախագահ Գեորգի Խոջոյանը:
Այնուհետև ներկաները դիտեցին «Նռան» պարը և Փարիզի «Կոլաժ» թատերախմբի /գեղ. ղեկ.՝ Արմինե Գաբրիելյան/ ողջույնի տեսանյութը, որից հետո կազմակերպիչները թատերախմբերին հանձնեցին փառատոնի խորհրդանիշ «Թռիչք» արձանիկը, ծաղիկներ և պատվոգրեր:
«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի շրջանակներում հետևյալ անվանակարգերում հավաստագրերի և հուշանվերների արժանացան։
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Հովհաննես Զարիֆյան» թատրոն-ստուդիայի թատերախմբի «Շունն ու կատուն»՝ ըստ Վիգեն Ստեփանյանի /գեղ. ղեկ.՝Վաղարշակ Ասատրյան/ ներկայացման ուստա Փիսոյի դերակատարուհի Սոֆյա Սարգսյանն արժանացավ «Լավագույն կերպարային դեր» անվանակարգին։
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երիտասարդական կենտրոնի «Արամազդ» թատերախմբի Ա.Եմելյանովայի «Կամակոր արքայադստեր մասին» ներկայացման /գեղ. ղեկավար՝ Արմեն Սիմոնյան/ հեքիաթասածի դերակատար Մհեր Մկրտչյանն արժանացավ «Լավագույն կերպարային դեր» անվանակարգին։
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Մարզամշակութային կենտրոնի «Երազանք» թատերախմբի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» /գեղ. ղեկ. Սուսաննա Ստեփանյան/ ներկայացման Ջոնիի դերակատարուհի Սիրանույշ Գեղամյանն արժանացավ «Լավագույն կերպարային դեր» անվանակարգին։
Երևանի «Հրաշամանուկ» հմտությունների զարգացման մանկապատանեկան կենտրոնի «Շաշաստան» ներկայացման՝ ըստ Հովհաննես Թումանյանի /գեղ. ղեկավար Սասուն Առաքելյան, բեմական խոսքի ուսուցիչ՝ Աննա Ավետիսյան/ ձախորդ Փանոսի դերակատար Գևորգ Աբրահամյանն արժանացավ «Լավագույն կերպարային դեր» անվանակարգին։
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Հովհաննես Զարիֆյան» թատրոն-ստուդիայի թատերախմբի «Շունն ու կատուն»՝ ըստ Վիգեն ստեփանյանի /գեղ. ղեկ.՝Վաղարշակ Ասատրյան/ ներկայացման ագռավի դերակատարուհի Լարիսա Խաչատրյանն արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգին։
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Սովորենք փոքրիկ քայլերի արվեստ» թատերախմբի Ա.Պապայանի «Շշմեցուցիչ հարված» /գեղ. ղեկավար՝ Հրաչյա Հովհաննիսյան/ ներկայացման հայրիկի դերակատար Խաչիկ Վարդանյանն արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգին։
Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արեգ» թատերախմբի Ա. դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան» ներկայացումը /գեղ. ղեկ.՝ Գոհար Փոքրիկյան, տնօրեն՝ Արթուր Սարգսյան/ արժանացավ «Լավագույն նկարչական ձևավորում» անվանակարգին։
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի «Ընտանիք և համայնք» Հ/Կ-ի «Փալանչո» թատերախմբի «Իսկական ընկերը» /Հեղ.՝ Ռ.Մարուխյան/ տիկնիկային ներկայացումը /գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հովհաննիսյան/ արժանացավ «Գրական նյութի լավագույն մատուցում» անվանակարգին։
ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Եղեգնաձորի «Սովորենք փոքրիկ քայլերի արվեստ» թատերախմբի Հոֆների «Foll de paix» /Խաղաղության խենթերը/ դրամայի բեմականացումը /գեղ. ղեկ.՝ Հրաչյա Հովհաննիսյան արժանացավ «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգին։
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի «Կանթեղ երգող դերասաններ» թատերախմբի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը՝ ըստ Հովհաննես Թումանյանի /գեղ. ղեկավար՝ Լուսինե Խաչատրյան/ արժանացավ «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգին։
Երևանի «Դուլսինեա» պարային թատերախմբի Հ.Ք. Անդերսենի «Օլե Լուկոյե» հեքիաթի պարային պլաստիկ բեմադրությունը /գեղ. ղեկավար՝ Շուշան Ասլանյան, տնօրեն՝ Արմինե Մարտիրոսյան/ արժանացավ «Լավագույն բեմական շարժում (պլաստիկա)» անվանակարգին։
Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցի թատերախումբը Ա.Գրիգորյանի ‹‹Արհեստ սովորող կատուն›› /բեմադրությունը՝ Մարինե Մխիթարյանի, պարերը ՝ Վերոնիկա Կոմենդանտի և Անահիտ Զաքարյանի/ երաժշտական ներկայացման բեմադրության համար արժանացավ «Բեմական զգեստի լավագույն նկարչական ձևավորում» անվանակարգին։
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տ․Մանսուրյանի անվան մշակութային կենտրոնի ‹‹Մանկական օրինակելի թատրոն›› թատերախմբի Ա․ Լինդգրենի ‹‹Երկարագուլպա Պեպպիի արկածները›› երաժշտական ներկայացումը /գեղ․ ղեկավար՝ Քնարիկ Ավետիսյան/ արժանացավ «Լավագույն ներկայացում» անվանակարգին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են