Գրադարանավարի օրը իսահակյանցիների մոտ


    Գրադարանը մշակութային հզոր տեղեկույթ է, մարդկային հոգին և միտքը լուսավորող գանձարան։ Գրադարանավարն այդ քաղաքակրթական տեղեկույթի ազնիվ մշակ-մատակարարն է… Հենց այս մասնագիտական դավանանքով էլ հոկտեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հագեցած ծրագրով և պատշաճ պատասխանատվությամբ նշեց Գրադարանավարի օրը։ Իրականացված բոլոր ծրագրերը սիրով և խորին երախտագիտությամբ նվիրել ենք հայոց ԱՆՄԱՀՆԵՐԻ՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին: «Գրադարանավարի օր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են բազմաթիվ բազմաբնույթ միջոցառումներ։ Գրադարանի լավագույն ընթերցասերների միջոցով իրականացվեց <<Թումանյանն ու Կոմիտասը մեր կյանքում>> խորագրով հետաքրքիր ընթերցում։ <<Հրաշամանուկ>> հմտությունների զարգացման մանկապատանեկան կենտրոնի թատերախումբը ոգևորությամբ հանդես եկավ Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> և <<Ձախորդ Փանոսը>> հեքիաթների բեմականացմամբ՝ /գեղ. ղեկ.՝ Սասուն Առաքելյան/։ ԿԳ-ի մանկական գրականության բաժնում Երևանի թիվ 157 դպրոցի 6-րդ դասարանցիները մեծ եռանդով մասնակցեցին գրական–ժամանցային խաղին՝ ըստ Հովհ. Թումանյանի <<Հայկական առածների լոտո>>-ի։ ՀՊՄՀ-ի թիվ 57 դպրոցի 2-րդ դասարանցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցան <<Թումանյանի հեքիաթները>> վերտառությամբ միջոցառումներ՝ շրջանաձև ընթերցանություն, հեքիաթների բովանդակության պատկերում, բեմականացում և ըստ ընթերցած հատվածների՝ հեքիաթների կռահում։ Գրադարանի դահլիճում կազմակերպվեց դասախոսություն՝ <<Թումանյանն ու հայ ժողովուրդը>> թեմայով։ Դասախոսությունը վարեց թումանյանագետ, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը, ով ներկայացրեց հետաքրքիր դրվագներ մեծն Թումանյանի ազգանպաստ գործունեությունից, որին հաջորդեց Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթը /գեղ. ղեկ. Ալեքսան Հարությունյան/ ՝ <<Կոմիտասյան մեղեդիների հետ>> խորագրով։ Հանդիսատեսը թեժ ծափողջույններով ոգեշնչեց կոմիտասապաշտ շնորհալիներին։ Օրվա ընթացքում կազմակերպվեցին Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի, ինչպես նաև փաստավավերագրական հետաքրքիր ֆիլմերի բազմաթիվ ցուցադրություններ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են