Լիլիթ Աղասյանի «Կարոտի աղոթարան» գրքի շնորհանդես


    Մարդը՝ իր ներաշխարհային խորքի և անսահմանության մեջ․ սիրո, ինքնաորոնումի, երազանքի, ցավի, հավատի և տեսիլքի ոգորումներ․․․ Սրանք բանաստեղծուհի Լիլիթ Աղասյանի «Կարոտի աղոթարան» գրքի թեմատիկ արծարծումներն են՝ նուրբ, լուսավոր, երջանիկ, նաև ցավոտ․․․ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ջերմաշունչ դահլիճում։ Բանախոս Արմենակ Ղազինյանը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, Վայքի մշակույթի բաժնի վարիչ Սարդոն Մարգարյանը, բանաստեղծուհի Հասմիկ Վարոսյանը, բանաստեղծ Սեյրան Մալխասյանն իրենց ելույթներում առանձնացրին Լիլիթ Աղասյանի բանաստեղծական աշխարհի ինքնատիպ ու լուսավոր, խորունկ ու նուրբ հուզազգայական և փիլիսոփայական նրբերանգները։ Երաժշտական, պարային և ասմունքային կատարումները լրացրին Լիլիթ Աղասյանի բանաստեղծական, մարդկային և կանացի էության առինքնող ներդաշնակությունը։ Հանդիսությունը վարեց և ժողովածուից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են