Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդես


    Երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանի անկեղծ ու անեղծ երազանքների պոետական որոնումները և նուրբ թրթիռների խորունկ արծարծումները հիրավի հետաքրքրում են ժամանակակից մարդուն:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդեսը:
Բանախոս Կարինե Ավագյանը և բոլոր ելույթ ունեցողները՝ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, գրող Էմմա Տանանյանը, Ֆրանսիական ռադիոյի աշխատակից Անժելա Սահակյանը, մշակույթի գործիչ Ֆարատ Ափուջանյանը ներկայացրին բանաստեղծուհու պոեզիայի առանձնահատկությունները՝ ջերմ քնարականությունը և խորին խոհականությունը: Անդրադարձ կատարվեց նաև բազմաձիրք հայուհու մարդկային առինքնող կերպարին:
Դերասանուհի Գայանե Սամվելյանը, ասմունքողներ Մարիետա Խոջայանը ջերմությամբ ներկայացրին նմուշներ Ժաննա Բլբուլյանի պոեզիայից:
Հանդիսատեսը մեծ հաճույքով ըմբոշխնեց Ժաննա Բլբուլյանի բանաստեղծուհու դուստր Նարա Նոյանի երաժշտական կատարումները:
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր հոգեբուխ ամփոփիչ խոսքում բնութագրեց Ժ. Բլբուլյանին՝ որպես մշակութային Հայաստանի յուրատեսակ ներկայացուցիչը Փարիզում և «ֆրանսուհի՝ բարձրադիր Գավառում»:
Բանախոս Կարինե Ավագյանի և Գայանե Սամվելյանի անմիջական և անկեղծ մեկնաբանությունները յուրահատուկ ջերմություն հաղորդեցին հանդիսատեսին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են