Հանդիպում ամերիկաբնակ գրող Հակոբ Հակոբյանի հետ


    Սեպտեմբերի 12-ին Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ գրող Հակոբ Հակոբյանի հետ: Միջոցառումը միաժամանակ շնորհավորանքի յուրատեսակ հանդես էր՝ նվիրված գրողի «Լավ է ուշ, քան երբեք», «Ով ենք մենք», «Պատմություն հայկական Պոնտոսի», «Բակունց քույրերը» գրքերին:
Հ. Հակոբյանն անկեղծորեն խոստովանեց, որ իր գրքերում խորին հուզմունքով է արծարծում հայոց մեծ Եղեռնի և դեպի ազգային ակունքներ վերադարձի թեմաները:
Ավ. Իսահակյանի անվանԿենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր ելույթում կարևորեց, որ Հ. Հակոբյանի գրքերը հիմնված են իրական փաստերի, ազդեցիկ դեպքերի վրա: Տիկին Կարապետյանը շեշտեց, որ Հակոբ Հակոբյանի փաստագրական պատումները, հիրավի, կարևոր նշանակություն ունեն ազգային ինքնության բացահայտումի և ազգային ինքնաճանաչության որոնումների համահայկական ծիրերում: Գրադարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Հակոբյանների ընտանիքին գրադարանի հանդեպ ունեցած ջերմ, սրտացավ վերաբերմունքի համար:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքում հայապահպանության և լեզվապահպանության մի շարք հարցերի:
Հ. Հակոբյանի գրքերից հատվածներ ներկայացրեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը և երեկոյի հանդիսավար Աիդա Ասատուրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են