Գրքի տոն


   Հուլիսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին նվիրված գրքերի ցուցահանդես–տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին Երևան քաղաքի բոլոր գրախանութները, հրատարակչությունները, գրադարաններ, ինչպես նաև գրքասերներ: Ցուցադրված էր մանկական, գեղարվեստական, ուսուցողական, մասնագիտական և արտասահմանյան գրականություն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակը մեկ անգամ ևս արժևորելու Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ավանդը թարգմանչական մշակույթ ձևավորելու գործում, ինչպես նաև գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն է: Հայ ընթերցողը առանձնահատուկ հետաքրքրություն ունի գրքի ու գրականության հանդեպ, ինչի վառ վկայություններն են 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումները: Միջոցառումն ուղեկցվում էր գրական-երաժշտական կատարումներով: Երաժշտական կատարումով հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի <<Ծաղկազարդ>> երգչախումբը: Հայ պոեզիայի ընտրանին ներկայացրեցին ասմունքողներ Գայանե Սամվելյանը, Արսինե Նավասարդյանը, Աիդա Ասատուրյանը, Լուսինե Համբարյանը, Անուշ Գալստյանը և ուրիշներ: Գրքի տոնախմբությունը շարունակվեց մինչ ուշ երեկո:


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են