Նարեկ Գրիգորյանի գիտական ձեռնարկների շնորհանդես


    Հուլիսի 10-ին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, տեղի ունեցավ Նարեկ Գրիգորյանի «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ» և «Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր» գիտական ձեռնարկների շնորհանդեսը։ «Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկում հեղինակն անդրադարձել է միջազգային հարաբերություններ հետազոտության առարկայի հիմնական թեմաներին և գիտահանրամատչելիորեն ներկայացրել է ոլորտի արդիական հարցեր և պատասխաններ: Գիրքը նախատեսված է բուհերի նեղ մասնագիտացող ուսանողության, ինչպես նաև լայն հետաքրքրություն ունեցող լսարանի համար: «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ» գրքում շարադրված են դիվանագիտություն առարկայի հիմնական բովանդակային թեմաները. այն ևս հասցեագրված է թե՛ նեղ մասնագիտական շրջաններին, թե՛ առավել լայն լսարանին: Գրքերը տրամադրվելու են մասնագիտական բուհերին, Հայաստանի և Արցախի գրադարաններին: Շնորհանդեսին ներկա էին գիտնականներ, քաղաքագետներ, արվեստագետներ։ Հեղինակին ներկայացրեց քաղաքագետ Մարգարիտա Պետրոսյանը։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, դիվանագետ Արման Նավասարդյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ոլորտի այլ մասնագետներ։ «Արմենուհի և Ղևոնդ Կուկունյանների անվան Նոր սերունդ» հիմանդրամի նախագահ Արփի Աճեմյանը խոսեց երիտասարդ մասնագետների պատրաստվածության կարևորության և դրանում ներդրումներ կատարելու առաջնահերթությունների մասին։ Ավարտին հեղինակն ավելի հանրամատչելի խոսեց դիվանագիտության մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են