Սասուն Մկրտչյանի ծննդյան 30- ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ


    Արցախյան գարունը միշտ իր ողջ շքեղությամբ ծաղկում է․․․ սակայն այս անգամ ապրիլը խլեց երազանքներ և ժպիտներ․․․
Զոհված տղաները դեռ կյանքի քաղցրությունը չառած, երազում էին իրենց սիրած աղջիկներին Հաղթանակի ծաղիկներ նվիրել։ Հաղթանակը եկավ, բայց․․․ Հաղթանակի ծաղիկներն այդպես էլ ուշացան․․․ Բարձրունքը մերն է , տղերքը՝ չկան․․․ Քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, հետախույզ Սասուն Մկրտչյանը։
Հունիսի 10-ին, Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, հետախույզ Սասուն Մկրտչյանի ծննդյան 30- ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Եռաբլուրում հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարեցին և հարգանքի տուրք մատուցեցին նրա հարազատները, մարտական ընկերները։ Այնուհետև հուշ-ցերեկույթը շարունակվեց գրադարանի դահլիճում ։
Ցերեկույթին ելույթներով հանդես եկան զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր, լրագրող Գոհար Մարտիկյանը, Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ռեկտոր Ազատ Թադևոսյանը, Սասուն Մկրտչյանի հրամանատար՝ Արտյոմ Գևորգյանը և զինակից ընկեր՝ Ռազմիկ Գասպարյանը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր՝ Ռուզաննա Կրպեյանը, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը, ԵՊՀ-ի «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Ավ․Իսահակյանի անվան գրադարանի աշխատակից Հասմիկ Շուշոյանը, Երեանի թիվ 78 դպրոցի աշակերտները։ Ցերեկույթի ընթացքում Սասուն Մկրտչյանին նվիրված նամակների ընթերցումներով հանդես եկան ասմունքող Աիդա Ասատուրյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, Գուսան Հայկազունի կատարմամբ։
Այդ օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքի հետ և մեզ` ապրողներիս պարգևեց հպարտության, երկրի առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության զգացում: Անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր՝ վերահաստատելով հզոր բանակի զորացմանն աջակցելու գաղափարի անսասանությունը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Սասուն Մկրտչյանի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են